«Փաշինյանը սո՛ւտ է խոսում․ թո՛ղ այսօր ասուլիսին փաստաթուղթ ցույց տա, ոչ թե հավայի խոսի»․ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արցախյան խնդրի կարգավորման մասին՝ շեշտեց՝ չկա՛ առանձին արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում։

«Եթե Աստված մեզ շնորհել է 2 հայկական պետականություն, մենք պետք է փայփայենք այդ պետականությունը ու առաջնային ու երկրորդական պետք է տարբերեինք։ Դեռ ՀՀԿ 16-րդ համագումարում մեր կուսակցության նախագահն ասաց՝ յուրաքանչյուր հայի առաջին հոգսը պետք է լինի անվտանգությունը»,- ասաց Շարմազանովը։

Պատասխանելով իշխանությունների այն հայտարարություններին, թե՝ շուտ լուծեիք արցախյան հարցը, քաղաքական գործիչն ասաց, որ բանակցային գործընթացն ունեցել է զարգացում, և եթե 1994-ին բանակցվել է տարածքները տալու, ապա 2008-2018 թվականներին, երբ Փաշինյանը եկավ իշխանության, բանակցային փաթեթում եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։

«Դրա մասին խոսել է ռուսաստանցի համանախագահը, հետո ես բանավոր չեմ ասում, փաստեր կան, չէ՞։ Որ ինքն ասում է՝ հրաժարվել են, ինքնորոշման իրավունք չկար, դե թող այսօր ասուլիսին փաստաթուղթ հանի միջնորդ երկրների ստորագրությամբ, 3 նախագահների ստորագրությամբ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, որտեղ լինի փաստաթուղթ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դուրս եկած է։ Ինքը սո՛ւտ է խոսում։ Ես փոխարենը կարող եմ 5 հայտարարություն բերել 2009-2013-ի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահների, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հստակ գրված է՝ փաստաթղթավորված, էլ չեմ ասում, որ 2018 թվականի փետրվարյան հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կա՛, իսկ ինքը երբ եկավ, ինքնորոշման իրավունքը փոխվեց, գրվեց՝ արդար լուծում, ի՞նչ արդար լուծում։ Ալիևի համար արդար լուծումը մի բան է, իմ համար մի բան է, արդար լուծումն ինչո՞ւ եք դրել, ինչո՞ւ եք հրաժարվում հիմնարար սկզբունքներից, ինչո՞ւ եք մեր ամբողջ բանակցային ժառանգությունից հրաժարվում ու կանգնում անպատասխանատու հայտարարություններ անում, թե նախկին նախագահների ժամանակ սա է եղել։ Մի հատ փաստաթուղթ ցույց տվեք 2008-2018 թվականների, որտեղ ինքնորոշման իրավունքը ներառված չի եղել, ցույց տվե՛ք, այլ ոչ թե հավայի խոսեք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս