Հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն. պետք է շարունակել պատվաստումները. Փաշինյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը և որպես ուրախալի լուր հայտնեց, որ այս պահին երկրում համաճարակային իրավիճակը բավականին լավ է։
«Երեկ գրանցվել է 129 դեպք, ընդհանուր առմամբ 6885 թեստավորումից, ցավոք սրտի, ունենք մահվան 15 դեպք»: Ըստ նախարարի՝ բարենպաստ իրավիճակը պահպանվելու միտում կա, և եթե նախատոնական և տոնական օրերին էլ բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա այս իրավիճակը հնարավոր կլինի կայուն պահպանել։
«Պետք է ներկայացնեմ, որ Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքներով դեռ Օմիկրոն շտամը հայտնաբերված չէ։ Մենք Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշներից դրական դեպքերից անում ենք սեկվենավորում և ի լրումն, երբ կունենանք հայտնաբերված դեպք, անպայման դա կհանրայնացնենք, բայց կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ պատվաստումները բավական բարձր պաշտպանության շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ, ինչը, իհարկե, շատ կարևոր և ուրախալի է: Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և մենք այդպես էլ կշարունակենք հետագայում»,- ասաց Առողջապահության նախարարը։
Ավանեսյանը ներկայացրեց նաև Հայաստանում պատվաստումների վերջին ցուցանիշները․
«Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք 1.595.809 պատվաստում։ 920.650 քաղաքացի ստացել է 1-ին դեղաչափը և 2-րդ դեղաչափ ստացել են 670.710 քաղաքացի։ Նշեմ, որ արդեն 3-րդ խթանիչ դեղաչափը ևս քաղաքացիները ստանում են և արդեն մոտ 500 քաղաքացի ունենք, որ արդեն ստացել է 3-րդ դեղաչափը։ Երեկ իրականացրել ենք 14.007 ընդհանուր պատվաստում․․․»։
Առողջապահության նախարարի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը լրացրեց, որ կորոնավիրուսի 3-րդ, թե 4-րդ ալիքը սահուն կերպով հաղթահարել ենք, բայց պետք է հասկանանք, որ անխուսափելի է, որ կորոնավիրուսի հաջորդ ալիքը գալու է.
«Հիմա դա կլինի հունվարի կեսին թե փետրվարի սկզբին, էական չէ, և այստեղ մեր բոլորի միասնական խնդիրը պետք է լինի՝ պատվաստումները շարունակել այնպես, ինչպես դա մենք անում էինք այն ժամանակ, երբ մեր օրական թվերը 1500-ի էր հասնում, մահվան 70 դեպք էինք ունենում։ Նկատի ունեմ, որ պետք չէ՝ դանակը ոսկորին հասնի, նոր մենք տեղից շարժվենք։ Շատ կարևոր է, որ այս հանդարտ փուլում հետևողականորեն շարունակենք պատվաստումները։ Ես ինքս էլ 3-րդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, բոլորին էլ խորհուրդ եմ տալիս և կոչ եմ անում․․․ Այսօր երկրներ կան, որ քննարկում են 4-րդ դեղաչափ պատվաստանյութի մասին․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում