«Ոտքից գլուխ զինված մարդիկ մտել են Գառնիկ Իսագուլյանի տուն, կնոջ և մանկահասակ աղջկա ներկայությամբ ձերբակալել են նրան»․ Արմեն Գրիգորյան

Մի խումբ դիմակավորված անձինք այսօր առավոտյան բերման են ենթարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին: Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Իսագուլյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

Գառնիկ Իսագուլյանին աջակցություն հայտնելու համար այս պահին Քննչական կոմիտեի մոտ է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս քրեական գործը   4-րդը կամ 5-րդն է, որ հարուցում են Իսագուլյանի նկատմամբ։

«Այսօր նա ձերբակալվել է այն արարքի համար, որ եթերում ասել է՝ Վլադիմիր Կարապետյանը թուրքական ագենտ է՝ թղթով․ այսօր դրա համար։ Բայց անթույլատրելի եմ համարում, որ իմ հայրենիքում առավոտ շուտ ոտքից գլուխ զինված մարդիկ մտնում են Գառնիկ Իսագուլյանի տուն, նրա կնոջ և մանկահասակ աղջկա ներկայությամբ ձերբակալում են նրան, իբրև չգիտեմ ինչ հանցագործ։ Ես գտնում եմ, որ դա անթույլատրելի և անհանդուրժելի արարք է»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, արդյոք կկալանավորվի՞ Գառնիկ Իսագուլյանը, Գրիգորյանը չբացառեց՝ հավելելով, որ սա հերթական քաղաքական հետապնդումն է․

«Շատ հնարավոր է, որ կալանավորման որոշում կայացվի։ Հետո տեսեք, այսօրվա ձերբակալությունն իմաստ չուներ բացարձակապես, որովհետև դատերը գնում են, երեկ Իսագուլյանը ներկա է եղել դատին, ներկա չի եղել դատախազը, այսինքն՝ դատախազի զբաղված լինելու փաստով դատը հետաձգվել էր, ի՞նչ իմաստ ուներ դրանից հետո այսօր առավոտ սարքել մասկի-շոու, զենքերով մտնել տուն և ձերբակալել Գառնիկ Իսագուլյանին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվել են քննչական և դատավարական այլ ծավալուն գործողություններ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ.Ի.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսի ընթացքում Գ.Ի.-ն, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին:

Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Գ.Ի.-ն հայտնել է, թե, իբր Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ուսումնասիրվել ու հավաքագրվել է թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաև 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների և տվյալ ազգերի ներկայացուցիչների հետ, որի վերաբերյալ ինքը՝ Գ.Ի.-ն, կասկածներ չունի։ Ըստ Գ.Ի.-ի հայտարարության՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել. այդ կերպ՝ հայ դիվանագետին հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։

Վերը նկարագրված հանցավոր արարքի կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գ.Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նույն օրը որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

Հավելենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով Գ.Ի.-ն արդեն իսկ մեղադրվում է նույնական և համասեռ՝ ՀՀ Վարչապետի, նախկին և ներկա մի շարք պաշտոնատար անձանց ու հասարակական գործիչների (1-ին դրվագ), ՀՀ քննչական կոմիտեի ներկայիս նախագահի (2-րդ դրվագ), Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի (3-րդ դրվագ) վերաբերյալ սուտ մատնություն կատարելու, ինչպես նաև ՀՀ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (մեկ դրվագ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս