Ամբողջ Հայաստանը շրջափակված է Բաքվի զորքերով, Թուրքիան ու թափառական ուժերն էլ մեջը․ Գալուստ Սահակյան

«Շատ զարմանում եմ, որ վերջին շրջանի մասին եք խոսում, խոսեք 2018 թվականի մասին․ մեր երկիրը ձախողման մեջ է»,- այսօր՝ ՀՀԿ 17-րդ համագումարի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան՝ գնահատելով հատկապես վերջին շրջանում Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակը։

Սահակյանի կարծիքով՝ ժողովրդի մի մասը մտածում է՝ այսօր կամ,  վաղը չկամ․

«Իսկ մենք մտածում ենք, որ կգտնենք այն ելքերը, որպեսզի մեր պետությունը հնարավորինս չափավոր ձևով փրկել»։

Իսկ  ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած այսօր Հայաստանի Հանրապետությունը՝ հարցին էլ  Գալուստ Սահակյանը պատասխանեց․

«Հայաստանի առջև արդեն մարտահրավերները կան, պատերազմը դեռևս չի ավարտվել, շարունակվում է պատերազմը։ Ամբողջ Հայաստանը շրջափակված է Բաքվի զորքերով, Թուրքիան էլ մեջը, և նաև այլ թափառական ուժեր։ Հայաստանի վիճակն այդպիսին է»։

Լրագրողներն ԱԺ նախկին նախագահին նաև հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատւոմ  ներկայիս խորհրդարանի աշխատանքը, Սահակյանը պատասխանեց, թե չի հետևում  ԱԺ-ի աշխատանքներին, քանի որ ԱԺ նախկին նախագահի բնորոշմամբ՝ խորհրդարանը ներկայացուցչական մարմին չէ․

«Խորհրդարանական պետություն ենք այսօր, հիմնական դերակատարումը պետք է կատարեր խորհրդարանը։ Այն խորհրդարանը, որտեղ կան զինվորներ, այն խորհրդարանը, որտեղ զինվորները պատգամավորներին այս ու այն կողմ են քաշքշում, այն խորհրդարանը, որտեղ արդեն սկսել են լրագրողների նստատեղերը փախցնել այս ու այն կողմ, այն խորհրդարանը, որը հսկողության տակ է, դա խորհրդարանական պատմություն չէ, դա մի ուրիշ պատմություն է, ինչ-որ ժամանակ կգա, մարդիկ կկարողանան կոչել, այսօր ես չկոչեմ»։

Գնահատելով խորհրդարանական ընդդիմության աշխատանքները, Սահակյանն ընդգծեց՝ քաղաքական գործունեությունը միշտ կապված է փորձի և խոսքի հետ․

«Փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում են գտնվում, բայց այսօր միայն խոսքով երկիրը չենք կարող փրկել, խոսքի հետ միասին՝ անհրաժեշտ է նաև գործողություն։ Կարծում եմ՝ մոտենում է ժամանակը, և գործողությունները կսկսի մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը։ Հիմա մեր ժողովուրդը բաժանվել է տարբեր մասերի, ամեն մարդ մի բան է ասում, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի․․․ Բոլոր պայքարներում, որը կապված է Հայաստանի հետագա ճակատագրի հետ, կարծում եմ՝ ամենամեծ ուժը մենք ենք մնում, նաև մեր քաղաքական գործիչները շատ առաջ են անցել, կարողանում են նաև կապեր պաշտպանել արտասահմանի հետ․․․»։

Լրագրողների դիտարկմանը, որ այսօր խոսվում է խաղաղության դարաշրջան բացելու, մասնավորապես՝ Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու մասին, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց․

«Իմ ապուպապին քո ապուպապին, քո հայրենիքի մարդկանց թուրքերը մորթել են, այսօր այդ թուրքերի հետ խաղաղությա՞ն ենք գնում, դա ի՞նչ հիմարություն է, դա հիմար մարդկանց խելքի զորությունն է․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս