Բաժիններ՝

Թուրքիայի կառավարությունն ու Աբդուլլահ Օջալանը մշակել են ռազմական գործողությունների դադարեցման պլան

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ միասն կազմել է համատեղ պլան՝ 1984 թվականից ընթացող զինված հակամարտությանը վերջ դնելու համար:

Օջալանը (թարգմանաբար՝ վրիժառու) 1978 թվականին հիմնադրել է ներկայումս Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK), որը Թուրքիայիում իր զինված պայքարը սկսել է հենց 1984 թվականին:

Ըստ այդ պլանի, PKK-ի մարտիկները պետք է վայր դնեն իրենց զենքը, ինչի դիմաց Թուրքիայի կառավարությունը պետք է ընդլայնի քուրդ փոքրամասնության իրավունքները, ազատ արձակի բանտերում պահվող քուրդ ակտիվիստներին, որոնք մեղադրվել են PKK-ի հետ կապեր պահպանելու մեջ, ինչպես նաև նոր Սահմանադրությամբ ամրագրի քուրդ ազգի ինքնության սկզբունքը:

Չնայած դրան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ PKK-ի դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ նա վայր չդնի զենքը և չլքի Թուրքիայի տարածքը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին, որոնց համաձայն` 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169:

Իսկ 2011 թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է 1 տրիլիոն դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս