Կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ կա նախագահական ընտրություններից առաջ. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար օհանյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին:
Տեղեկություններ կային, որ նրանք մինչև տարեվերջ ազատ կարձակվեն: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու մի շարք անձանց, այդ թվում և վերոնշյալ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Առ այսօր, սակայն, հայտնի չէ նրանց դիմումների ճակատագիրը:
Երեկ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը խնդրին առնչվող մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես այստեղ չէի, նոր տարուն եմ եկել, իր մոտ էլ երկու ամիս է չեմ գնացել, երևի եկող շաբաթ կգնամ, ինչ-որ բան կճշտեմ»:
Մեր տեղեկություններով, կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ ու սպասումներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշ թվով անձանց պետք է ներում շնորհի: Ըստ մեր աղբյուրների, բազմաթիվ կալանավորներ այս օրերին շտապում են ներման խնդրագրեր գրել Սերժ, Սարգսյանին, մի մասն էլ դեռ ամանորից առաջ է գրել»: