Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեղադրվում կաշառք ստանալու համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր`Մխիթար Պապոյան) շարունակում է քննել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախության, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու դրդչության մեղադրանքներով ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս նախորդ տարվա փետրվարի 22-ին ստացված քրեական գործը:
Հիշյալ վարչության աշխատակից Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունում որպես գլխավոր մասնագետ, անձամբ և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի միջոցով Լարիսա Իսպիրյանից ստացել է խոշոր չափերով՝ 971 604 դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլարի կաշառք։
Տեղեկացնենք, որ Կարեն Միքայելյանը միաժամանակ հանդիսացել է Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ:
Դարձյալ ըստ մեղադրական եզրակացության, կաշառքի դիմաց նա պարտավորվել էր հանձնաժողովների կազմում իրեն վերապահված լազորությունների շրջանակներում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված, Լարիսա Իսպիրյանին պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը։
Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է Լարիսա Իսպիրյանին 2800 ԱՄՆ դոլար գումար տալ իր ծանոթ Կարեն Միքայելյանին։
Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 311-րդ հոդվածների, իսկ Գագիկ Դանիելյանին 178-րդ և 38-312 հոդվածների հատկանիշներով, երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Նկատենք, որ վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2013 թվականի հունվարի 18-ին։ Ի՞նչ է` այս գործով դատական նիստ է հրավիրվում ամիսը մեկ անգամ…