Ուգո Չավեսը չի կարող մասնակցել իր վաղվա երդման արարողակարգին
BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել իր երդման արարողությանը, որը պետք է տեղի ունենա վաղը: Վենեսուելայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ առողջական խնդիրների պատճառով Ուգո Չավեսը չի կարող երդում տալ:
Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Չավեսը գտնվում է Կուբայում, ուր 2012 թվականի դեկտեմբերի 11-ին նա ենթարկվել էր ուռուցքի հեռացման հերթական վիրահատության: Վենեսուելայի ընդդիմությունը պնդում է, որ եթե նորընտիր նախագահը չի կարող մասնակցել իր երդման արարողակարգին, ապա Ազգային ասամբլեայի առաջնորդը պետք է կատարի նախագահի գործառույթները մինչև նախագահական նոր ընտրությունների անցկացում:
Սակայն Վենեսուելայի կառավարությունն ընդդիմանում է դրան՝ ընդգծելով, որ երդման արարողակարգը միայն ձևականություն է: