Վերաքննիչում հեքիաթասաց դատավոր է հայտնվել. Տիգրան Սիմոնյանի նշանակման պատմությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Տիգրան Սիմոնյանը նախագահի հրամանագրով արդեն իսկ մեկ անգամ նշանակվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, սակայն հրաժարական է ներկայացրել, և 2018 թվականի սեպտեմբերի 6-ին նրա լիազորությունները դադարեցվել են:

Վերջինս նշանակվել էր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում, սակայն հունիսին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Տիգրան Սիմոնյանի առաջին ու երկրորդ նշանակումները, պարզվում է, շատ ուշագրավ պատմություններ ունեն։

168.am-ին հետաքրքիր տեղեկություններ են հասել դրանց վերաբերյալ։

Պարզվում է, Տիգրան Սիմոնյանը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է։ Թե ինչպիսի դասախոս է, թող նրա ուսանողներն ու գործընկերները պատմեն։ Մենք այս պահին ձեռնպահ կմնանք գնահատականներ հնչեցնելուց։

Տիգրան Սիմոնյանը, մեզ հասած տեղեկություններով, նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Վազգեն Ռշտունու համակուրսեցին է, որին էլ ժամանակին նա թախանձագին խնդրել է իրավաբան-գիտնականի քվոտայով միջնորդել նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ինչը և Վազգեն Ռշտունին անում է։ Կարճ ժամանակ անց, սակայն, չդիմանալով գործերի ծանրաբեռնվածությանը, Տիգրան Սիմոնյանը լքում է դատական համակարգը` Վազգեն Ռշտունուց ներողություն խնդրելով, թե վատ վիճակի մեջ է դնում իրեն, բայց չի դիմանում ծանրաբեռնվածությանը ու ուզում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Դատական համակարգից դուրս գալուց հետո, սակայն, Տիգրան Սիմոնյանը հանկարծ դառնում է երդվյալ իշխանական ու այս ու այնտեղ տարատեսակ հորինովի պատմություններ է պատմում համակարգից դուրս գալու իբր իրական պատճառների մասին։

Մենք դեռևս զերծ կմնանք ներկայացնել այդ պատմությունները` նորանշանակ դատավորին չկաշկանդելու համար։

Ինչևէ, դեռևս վերջնականապես պարզ չէ՝ գլխավոր դատախազությունում որպես վարչության պետ աշխատող Տիգրան Սիմոնյանի եղբա՞յրն է եղբորը կրկին համոզել վերադառնալ դատական համակարգ, թե՞ դա նրա սեփական նախաձեռնությունն է, բայց փաստ է, որ Տիգրան Սիմոնյանը կրկին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի վրա հենց Տիգրան Սիմոնյանի զգայացունց պատմություններն են ազդել այն մասին, թե իրեն Վերաքննիչում օր ու արև չէին տալիս, ու դրա համար է դուրս եկել դատական համակարգից, և հիմա միայն նոր կարգերի օրոք որոշել է վերադառնալ։

Տեսանյութեր

Լրահոս