«Երեկ տոտալ վախի մթնոլորտ էր, համեմված ստի ու կեղծիքի չափաբաժիններով»․ Աննա Մկրտչյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
«Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության շուրջ անկայունությունն օրեցոր ավելանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանության ղեկին նստած անձանց որոշումների կայացման ուղեծիրն այլևս անհայտ է, որևէ կերպ հնարավորություն չի տրվում հասկանալու, թե՛ արտաքին հարցերում, թե՛ ներքաղաքական որոշումներում՝ որտեղ է արտահայտվում հայկական շահը։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, պատգամավորն ընդգծեց․
«Բազմաթիվ դրվագներով ակնհայտ դարձավ, թե այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ինչպիսի մեթոդներով և ինչպիսի գործիքակազմով է պատկերացնում իր գոյությունն ու իշխանության երկարաձգումը։
Երեկ տոտալ վախի մթնոլորտ էր՝ համեմված ստի ու կեղծիքի չափաբաժիններով։ Ակնհայտ է՝ մարդիկ, որոնք ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են։ Բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել են դեպքեր, թե ինչպես են ՔՊ-ականները փողոցում գումար բաժանում, ինչպես են իրենց մարզպետներն օգնության և օժանդակության տակ ուղղակի քաղաքացիներին ընտրություններից մի քանի օր առաջ գումարներ տրամադրել, ինչպես էին երեկ տեռորով փորձում վախեցնել բոլոր այն համայնքներում գործող ընդդիմադիրներին, որոնք իրենցից ներկայացնում էին ուժ և կարող էին խնդիր ստեղծել իշխանության համար․․․ Այն, ինչ որ տեսել էինք հունիսի 20-ին, դրա կրկնությունն էր, նույն տեռորի մթնոլորտը ստեղծելու պայմաններով»։
Աննա Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց, թե կոնկրետ ինչ նկատի ուներ՝ անկայությունություն ասելով․
«Այդ անկայությունը նաև որոշումների կայացման կանխատեսելիության մասին է խոսում, երբ որ Հայաստանի Հարնապետությունում 44-օրյա պատերազմից ու կորուստներից հետո գալիս է Վրաստանի վարչապետը և հայտարարում, որ ինքը հանդիսանում է միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումներում։ Դրանից 1-2 օր առաջ, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հնարավորություն ուներ պատասխանելու հարցերին, ասում էր, որ որևէ բանակցության մասին կամ այս պահի դրությամբ խոսակցության մասին անգամ միտք լինել չի կարող, և հայտնում էր իր պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով։ Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ հերթական կեղծիքի բացահայտում, այս անգամ՝ Վրաստանի վարչապետի ներկայությամբ և Վրաստանի վարչապետի շուրթերով։ Այսինքն՝ իշխանությունները մեզ այստեղ ասում են՝ մենք Ալիևի հետ չենք խոսում, սպասում ենք Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի շարունակենք մեր բանակցությունները, բայց այստեղ է գալիս Վրաստանի վարչապետը և ասում է՝ ես միջնորդ եմ հանդիսանում և ես այն անձնավորությունն եմ, ով որ շարունակում է ապահովել կապն այս 2 անձանց միջև․ հերթական ստի ու կեղծիքի բացահայտումը․․․»։