Երևանի թիվ 83 ավագ դպրոցի տնօրենի մրցույթը չկայացավ. Դպրոցից խորհուրդների կազմի հին տվյալներ էին ուղարկել նախարարություն
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում հայտարարվել էր տնօրենի մրցույթ։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի նիստում կատարված փոփոխությունների համաձայն՝ դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացվում է պայմանական 3 փուլով։ Նախորդ շաբաթ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահ Արշալույս Արևշատյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել էր տնօրենի ընտրության ժամանակացույցը: Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, պետք է տեղի ունենային տնօրենի ընտրության առաջին և երկրորդ փուլերը։
168.am–ը երեկ նշված ժամին եղավ դպրոցում, սակայն աշխատակիցները հայտնեցին, որ տնօրենի ընտրությունը չեղարկվել է:
Պարզաբանում ստանալու համար 168.am-ը հենց երեկ էլ կապ հաստատեց դպրոցի Կառավարման խորհրդի նախագահի հետ, նա էլ մեզ փոխանցեց, որ ԿԳՄՍ նախարարությունն է չեղարկել մրցույթը։
Ի դեպ, տարօրինակ է, որ նախարարությունից մրցույթը չեղարկելու մասին դպրոցի կառավարման խորհրդին հայտնել են հենց երեկ առավոտյան, համենայն դեպս այդպես մեզ ասաց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Արևշատյանը։ Տարօրինակ է նաև, որ մրցույթը լուսաբանելու համար հավատարմագրված լրատվամիջոցներին չէին հայտնել։
Իսկ դպրոցի Կառավարման խորհրդի նախագահը պատճառաբանում էր, թե քանի որ դպրոցի տնօրենի ընտրության առաջին 2 փուլերը՝ ծնողական և մանկավարժական խորհուրդների քվեարկությունը, փակ են անցկացվում, լրատվամիջոցները հնարավորություն չունեն և չեն կարող լուսաբանել, իսկ լուսաբանել կարող են միայն վերջնական փուլում, երբ նախարարության ներկայացուցիչները բաց քվեարկությամբ են ընտրություն կատարում։
Մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունից մեզ փոխանցեցին, որ տնօրենի ընտրության քվեարկությունը, այդ թվում՝ փակ քվեարկությունը, լրատվամիջոցը կարող է լուսաբանել, եթե, իհարկե, սահմանված ժամկետում գրանցվել է ընտրությունը լուսաբանելու համար։
Ինչ վերաբերում է դպրոցի տնօրենի ընտությունը չեղարկելու պատճառներին, ապա ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հետևյալ պարզաբանումը տվեց․
«Հոկտեմբերի 13-ին դպրոցի կողմից գրություն է մուտք եղել ԿԳՄՍ նախարարություն, որ երբ դպրոցի Կառավարման խորհուրդը ձևավորվել է, այդ ժամանակ իրենք թյուրիմացաբար այլ մարդկանց տվյալներ են ներկայացրել մանկավարժական և ծնողական խորհրդի կողմից առաջադրված։ Կառավարման խորհուրդն 9 անդամ ունի, որոնցից երկուսը մանկավարժներից են, երկուսը՝ ծնողներից, հիմա այդ 4 հոգու տվյալների փոխարեն՝ հին խորհրդի կազմի տվյալներն են ուղարկել»։
Բաղդասարյանի խոսքով՝ խնդիրը բացահայտվել է այն ժամանակ, երբ դպրոցում արդեն հայտարարվել էր տնօրենի ընտրության մրցույթը․
«Պարզվել է՝ այն 4 անդամների անունները, որոնք պետք է ընդգրկված լինեին մանկավարժների և ծնողների նոր խորհրդում՝ նախարարի հրամանում չկային։ Հետագայում դպրոցի կառավարման խորհուրդը պարզում է, որ սխալ տվյալներ են ուղարկել, այսինքն՝ նախարարի հրամանով հաստատված խորհրդի կազմը փաստացի իրավազոր չէր մրցույթ հայտարարելու»։
Իսկ նախարարությունը, ինչպես պարզաբանեց Արսեն Բաղդասարյանը, չունի որևէ լծակ խորհուրդների կազմի ձևավորման գործընթացը ստուգելու համար, քանի որ դպրոցի կառավարման խորհուրդն է ընտրում թեկնածուներին և ներկայացնում նախարարությանը, նախարարն էլ արդեն հաստատում է այն, ինչ իրեն ներկայացվել է։ Ստացվում է՝ Կառավարման խորհրդի 9 անդամներից 4-ը մասնակցել են այն նիստին, որի ընթացքում մրցույթ է հայտարարվել, դրա իրավունքը չունենալով։
Միևնույն ժամանակ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետն ասաց, որ հայտարարված մրցույթը տվյալ պահին դեռևս չեղարկված չէ, քանի դեռ չկա նախարարի հրամանը․
«Դպրոցից որ ասել են՝ նախարարությունը մրցույթը չեղյալ է համարել՝ դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև նախ պետք է այդ գործընթացի իրավական հիմքերը գնահատենք, հասկանանք՝ արդյոք հիմքեր կա՞ն չեղյալ համարելու, թե՞ ոչ, բայց ինձ համար ակնհայտ է, որ կան չեղյալ համարելու հիմքեր։ Դպրոցի կանոնադրությամբ էլ սահմանված է, որ խորհրդի և տնօրենի գործող օրենսդրությանը հակասող հրամանները լիազոր մարմինը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել։ Այս առումով մենք երկուշաբթի կամ երեքշաբթի կստանանք իրավաբանների եզրակացությունը, կարծում եմ՝ արդեն պաշտոնապես չեղյալ կհայտարարվի, բայց ոչ թե մրցույթը, այլ կառավարման խորհրդի կողմից հայտարարված այդ նիստը, որտեղ հայտարարվել է մրցույթ»։
Փաստորեն, նախ դե ֆակտո չեղարկվում է մրցույթը, հետո նոր ելքեր են փնտրում, իրավաբանների եզրակացություն հավաքում մրցույթը դե յուրե չեղարկելու մասին նախարարի հրամանը հիմնավորելու համար։
Եվ միայն նախարարի հրամանից հետո, ինչպես պարզաբանեց Արսեն Բաղդասարյանը, կհայտարարվի նոր մրցույթ և գործընթացը կսկսվի 0-ից։