Բաժիններ՝

Եթե քաղաքացին պատվաստվել է միայն առաջին դեղաչափով, այս դեպքում Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր է

Բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս պահին գտնվում են արտերկրում COVID-19 համավարակով պայմանավորված, ծանոթ չեն գործող կարգին, թե ինչպես պետք է մուտք գործեն Հայաստանի Հանրապետություն։ Քաղաքացիները, այդ թվում՝ նաև 168.am-ին, հարցնում են.

«Եթե պատվաստված չենք, թեստավորվում, նո՞ր ենք գալիս Հայաստան, թե՞ հնարավորություն կա Հայաստան հասնելուն պես ՊՇՌ թեստ հանձնել»։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գործող կարգում որևէ փոփոխություն չի եղել։ Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ կա՛մ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ առնվազն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստ։

«Եթե Հայաստան մուտք գործող անձը հանձնած ՊՇՌ թեստ չի ունենում, կարող է տեղում հանձնել, այդ դեպքում ստորագրում է ծանուցման թերթիկ, որ մինչև թեստի պատասխանը ստանալը պետք է ինքնամեկուսանա, եթե հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնելուց, մեկուսացվում է պետության կողմից՝ շտապ օգնության մեքենա է հրավիրվում, քաղաքացին 14 օրով մեկուսացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված վայրում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում»։

Արտերկրից Հայաստան եկող քաղաքացիներին հետաքրքրում են նաև պատվաստված քաղաքացիների համար օդանավակայանում գործող կարգի որոշ մանրամասներ: Դրա մասին էլ Գայանե Խաչատրյանը հետևյալ պարզաբանումը տվեց.

«Եթե պատվաստանյութը 2 դեղաչափով է, ապա երկրորդ դեղաչափը ստանալուց պետք է անցած լինի 14 օր, որ քաղաքացին կարողանա ազատ մուտք գործել մեր երկիր։ Եթե 14 օրն անցած չի լինում, ապա այս դեպքում կրկին անհրաժեշտ է ՊՇՌ թեստ հանձնել։

Եթե պատվաստանյութը 2 դեղաչափով է և քաղաքացին պատվաստվել է միայն առաջին դեղաչափով, այս դեպքում ևս Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս