Իսկ Պուտինը ե՞րբ ասաց՝ ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Թյուրըմբռնում, թե՞

Անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են ընթանում անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի և այս անգամ:

Այս մասին Պուտին-Փաշինյան հանդիպման սկզբում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք կխոսենք թե ֆորմալ և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ համաձայնեցնել դիրքորոշումները նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր փոխգործակցության հիմնական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային կարգավորման հարցերի վերաբերյալ, այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,-ասաց Պուտինը:

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ շատ ուրախ է տեսնել նրան, և սա այս տարի ՌԴ նախագահի հետ իրենց արդեն չորրորդ հանդիպումն է:
«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի համար: Կարծում եմ, նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին:

Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ ներկայացնենք դիրքորոշումները: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի խոսել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որը հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասաց Փաշինյանը:

Նկատենք, որ թեպետ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, հրապարակված տեսագրության մեջ ՌԴ նախագահը նման բան չի ասում, այլ խոսում է ընդհանրական տարածաշրջանային կարգավորումների մասին:

Մնում է հասկանալ՝ սա Նիկոլ Փաշինյանի թյուրըմբռնո՞ւմն է, լավ չի՞ հասկացել՝ ինչ է ասել Վլադիմիր Պուտինը, թե՞ իր բնավորության համաձայն՝ մանիպուլացնում է դիմացինի խոսքը: Բարձր մակարդակի հանդիպումներում, ինչ խոսք, վերջինը խիստ անցանկալի սցենար է:

Տեսանյութեր

Լրահոս