«Կառավարությունը դավաճանությամբ հանձնել է Հադրութը, իմ տունն առաջինն են վառել»․ տեղահանված արցախցի
Հադրութի շրջանի Տող գյուղի տարեց բնակիչը վաղ առավոտից Արցախից տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք սոցիալական աջակցություն էին պահանջում Կառավարությունից՝ մինչև իրենց բնակարանների տրամադրման հարցերի լուծումը: Իսկ Տող գյուղի տարեց բնակիչը խոր ցավով խոսեց հայրենի Հադրութի մասին․
«Տողը միշտ անպարտելի է եղել, բայց այսօր շատ եմ ցավում, Տողը չկա, Հադրութը չկա․․․ Ուղղակի զարմանում եմ մեր իշխանավորների վրա, որ մի անգամ նույնիսկ չլսեցի օկուպացված բառը, որ ասեն՝ Հադրութը օկուպացված է, որ Շուշին օկուպացված է, կարծես թե այդպես էլ պետք է լիներ, ինչո՞ւ, զարմանում եմ»։
Տարեց տղամարդը պատմեց նաև, որ այս պահին վարձով բնակվում է Երևանում, բնակարանի վարձը 120.000-150.000 դրամ է, սակայն կառավարությունն ընդամենը 4 ամիս 68.000-ական դրամ տրամադրելուց հետո, այսօր ամսական 25.000 դրամ է փոխհատուցելու Արցախից տեղահանվածներին:
«Ես այս կառավարությունից ոչինչ չեմ ակնկալում, ինչպես դավաճանությամբ հանձնել են Հադրութը, նույնպիսի դավաճանությամբ էլ հետ վերադարձնեն, նույն օրն էլ հադրութցիները կգնան իրենց օջախները։ Իմ տունն առաջինն են վառել, 50 տարվա իմ ներդրումը մի քանի ժամում փոշիացրել են, էլի ոչի՛նչ, կհամաձայնվեմ, կգնամ իմ օջախը․․․ Մեր իշխանավորները ոչ թե հողն են շատ սիրել, այլ փողն են շատ սիրել, խաղաղ պայմաններում ասում եք՝ հայրենիքը պատկանում է ժողովրդին, ես կասեի հակառակը՝ խաղաղ պայմաններում հայրենիքը պատկանում է իշխանավորներին, իսկ պատերազմի ժամանակ՝ հակառակը՝ ժողովուրդ ջան, հելեք, պաշտպանեք ձեր հայրենիքը։ Այդպես է եղել, որ այսօր այս վիճակում ենք հայտնվել․․․»,- ասաց Տող գյուղի տարեց բնակիչը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում