«Հարվածվել են տարբեր առարկաներով». ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը

2021 թվականի օօգոստոսի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք և քաշքշոց տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավորների և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի ու աշխատակիցների միջև։

Կատարվածի վերաբերյալ նույն օրը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց.

«ԱԺ-ում տեղի ունեցածի առիթով հաղորդում է ներկայացվելու: Այն անձինք, ովքեր հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եթե դուք տեսնեք այն մարմնական վնասվածքը, որը Արծվիկ Մինասյանը ստացել է, դա հրմշտոց չէ, խուլիգանական վարքագիծ է, իսկ խուլիգանական վարքագիծ դրսևորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև իրավապահ մարմինների ներկայացրած հաղորդմանը, տեղեկացրեց, որ մերժել են քրեական գործ հարուցելու դիմումը, ու մեջբերեց նաև մերժման հիմքերը.

«Օգոստոսի 24-ին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանությունը ֆիզիկական ուժ գործադրեց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ։ Պատգամավորին փորձում էին ապօրինի կերպով հեռացնել նիստերի դահլիճից, ինչը չտեսնված բան էր ԱԺ պատմության ողջ ընթացքում։ Հատուկ քննչական մարմինը ՊՊԾ հրամանատար Սարգիս Հովհաննիսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ապօրինի հրահանգի վերաբերյալ քրեական գործի հարուցումը, սակայն, մերժել է՝ հետևյալ պատճառաբանությամբ. գրված է՝ Աննա Մկրտչյանը, չենթարկվելով օրինական պահանջին, փորձեց դիմադրել, պահպանության աշխատակիցները Մկրտչյանի ձեռքից բռնեցին և հեռացրեցին, պատգամավոր Արծվիկ Մինասյանը բռնեց Աննա Մկրտչյանին և դիմադրեց, որ այդ գործողություններն անեն։ Արդյունքում Աննա Մկրտչյանը և Արծվիկ Մինասյանը հարվածվեցին տարբեր առարկաներով, ստացան մարմնական վնասվածքներ, և աշխատակիցները կիրառեցին օրենքով նախատեսված բոլոր միջոցները»։

Ըստ Մինասյանի՝ քրեական գործի հարուցման մերժումը նման հիմքով ևս մեկ անգամ ապացուցում է՝ մենք գործ ունենք մի իրավապահ համակարգի հետ, որը դարձել է այս քաղաքական իշխանության հլու-հնազանդ կամակատարը։

Տեսանյութեր

Լրահոս