«Որոտանում ճանապարհի աջ և ձախ կողմերում թշնամին շինարարություն է կատարում, ազատ ճանապարհը փակում է, ոնց որ իրենց տանը, իսկ մենք՝ հյուրեր…» Գորիսի փոխքաղաքապետ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ճանապարհին՝ Որոտանի հատվածում, ադրբեջանցիների սադրիչ գործողություններից խուսափելու համար արդեն մի քանի օր հայկական մեքենաները հավաքվում, շարասյուն են կազմում, ապա հայ և ռուս զինվորականների ուղեկցությամբ շարժվում են դեպի Գորիս կամ հակառակ ուղղությամբ՝ Կապան։

«Ավելորդ միջադեպերից խուսափելու համար ճանապարհի այդ հատվածում ուղևորները ստիպված են լինում մոտ 1-1.5 ժամ սպասել, նոր միայն շարասյունով ընթանալ․․․ Հանգստյան օրերին որևէ արտառոց բան չի եղել, իրավիճակը նույնն է։ Մարդիկ ավտոմեքենաներով գալիս են, մեր ԱԱԾ-ն կանգնեցնում է, հավաքվում են, կազմում են շարասյուն, ռուսական և հայկական զորքի ուղեկցությամբ Որոտանի տվյալ հատվածն անցնում են, որպեսզի միջադեպերից խուսափենք։ Հատկապես գիշերային ժամերին, մինչև շարասյուն չի կազմվում, չեն թույլատրում շարժվել։ ԱԱԾ-ն այդպիսի որոշում է կայացրել ու այդպես էլ անում է՝ ի շահ մեր քաղաքացիների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, ապա հավելեց, որ այս կարգը միայն ՀՀ քաղաքացիների համար է, իրանցի վարորդներն առանց ավտոշարասյուն կազմելու են անցնում ճանապարհի այդ հատվածը։

Գորիսի փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ թշնամին Որոտանի այդ հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ է իրականացնում․

«Ճանապարհի աջ և ձախ կողմերում շատ մեծ շինարարություն է գնում, ադրբեջանցիները թափով շինարարություն են անում։ Թշնամին ազատ շինարարություն է կատարում, ազատ ճանապարհը փակում է, ոնց որ իրենք իրենց տանը, իսկ մենք՝ հյուրեր, այդպիսի բան․․․ Իրենց GPS-ով ստացվում է, որ դա իրենցն է, բայց․․․ Թե մինչև ե՞րբ պետք է այսպես շարունակվի, չգիտեմ․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին թշնամին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղադրել և Որոտանի հատվածում ստուգում է Իրանից ժամանող մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, սյնուհետև՝ 250 դոլար: Թշնամին այս ընթացքում թիրախավորել էր նաև ՀՀ քաղաքացիներին։

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Կարմրաքար-Շուռնուխ, ապա՝ Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները, ճանապարհը բացվեց 3 օր հետո:

Տեսանյութեր

Լրահոս