Կարեն Անդրեասյանի հարցազրույցի ամենաուշագրավ հատվածը Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարն էր իր գլխավերևում

Այսօր «Սիվիլնեթին» հարցազրույց է տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Այնպես է ստացվել, որ իր բոլոր հարցազրույցներում Կարեն Անդրեասյանն այնպիսի դարակազմիկ մտքեր է հայտնում, որ դրանք բավականին տևական ժամանակ քննարկվում են, մեղմ ասած, ոչ դրական լույսի ներքո:

Այս հարցազրույցի բովանդակային կողմին այս պահին չենք անդրադառնում: Մեր ուշադրությունը մեկ այլ բան գրավեց:

Հարցազրույցը, ըստ ամենայնի, տեղի էր ունենում արդարադատության նախարարի աշխատասենյակում, ուր նրա նստատեղի ուղիղ գլխավերևում կախված էր Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը:

Այս նկարը, որը կախված է Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում, իր չափերով ու ձևով կարծես թե չի տարբերվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն նկարից,  որը 2018թ. առաջ կախված էր մեր պետական գերատեսչություններում:

Միայն թե այն ժամանակ արդարադատության նախարարի աշխատասենյակի լուսանկարի մարդը առհասարակ պետության ղեկավարների լուսանկարների՝ պաշտոնյաների աշխատասենյակներում կախելու դեմ պայքարի առաջամարտիկն էր, բայց հիմա վերջինս կարծես թե դեմ չէ, եթե, իհարկե, հենց ինքը չէ պարտադրել, որ իր լուսանկարը լինի կախված ամենուր: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հենց Փաշինյանն է հրահանգել իր լուսանկարները փակցնել աշխատասենյակներում:

2018թ. իշխանափոխությունից հետո քայլողների թիմի համար ուրախության, հրճվանքի ճիչեր արձակելու հերթական առիթը յուրաքանչյուր նոր նշանակված քայլող պաշտոնյայի կողմից առաջին հերթին Սերժ Սարգսյանի լուսանկարը հանելու փաստն էր, որը նրանք որպես մեծագույն ձեռքբերում ու հպարտանալու առիթ էին ներկայացնում:

Պետական վերահսկողական ծառայության նախկին տնօրեն Դավիթ Սանասարյանը, օրինակ, անձամբ էր ողջ շենքից հավաքել երրորդ նախագահի լուսանկարները, իսկ 2018թ. հուլիսի 2-ին վերջինը հանելու ընթացքը անգամ տեսաձայնագրել էր՝ որպես մեծ հերոսություն: Ավելին, հպարտությամբ հայտարարում էր, որ այլևս նման բան չի լինելու, և որևէ ղեկավարի նկար չի կախվելու պետական պաշտոնյաների կաբինետներում:

Դավիթ Սանասարյանը, հետաքրքիր է, ասելու բան չունի՞ այս առնչությամբ: Կարծես թե սոցիալական ցանցերում այնքան էլ պասիվ չէ:

Ավելի վաղ Factor.am-ի ֆոտոխցիկը Ազգային ժողովի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում էր ֆիքսել Նիկոլ Փաշինյանի կախված նկարը:

Հիմա ՔՊ-ական պաշտոնյաները կաշվից դուրս են գալիս, որ արդարացնեն կամ որևէ կերպ տրամաբանություն դնեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարի՝ իրենց աշխատասենյակներում հայտնվելու փաստը, մինչդեռ ավելի ազնիվ կլիներ, եթե նրանք պարզապես ասեին, որ Նիկոլ Փաշինյանն իրականում դեմ է եղել միայն Սերժ Սարգսյանի լուսանկարներին, իսկ իր լուսանկարի դեպքում անգամ պարտադիր է համարում կախելը:

Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ «նորամուծությունների» շարքում է նաև կառավարության նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներս մտնելու պահին կառավարության անդամների ոտքի կանգնելը:

Ի դեպ, պետք է նշել, որ կառավարության անդամները Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծագույն սիրուց դրդված չեն ինքնաբուխ ոտքի կանգնում, այլ հատուկ հրահանգով:

Հատկանշական է, որ այդ ժեստն առհասարակ կառավարության ղեկավարի պաշտոնը կատարող անձի նկատմամբ չի արվում, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, որովհետև երբ նրա բացակայությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էր կատարում վարչապետի պարտականությունները, կառավարության անդամները նրա ներս մտնելիս ոտքի չէին կանգնում:

Տեսանյութեր

Լրահոս