Չփորձարկված լուծույթով փորձարկումներ են անում մարդկանց վրա. պատվաստման դեմ ակցիայի մասնակից

Այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Առողջապահության նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ: Քաղաքացիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին չի աշխատում, և նախարարի հրամանն իր վրա չի տարածվում, սակայն դեմ է պատվաստումների պարտադրանքին:

«Որպես գիտակից մարդ՝ ես հասկանում եմ, որ սա նորմալ երևույթ չէ: Ամենահասարակ դեղը՝ ասպիրինը, մարդ կարող է խմել, և իմ անձնական փորձից եմ ասում՝ մեկ տարի ստամոքսի ցավ եմ ունեցել: Այս չփորձարկված, անհասկանալի քիմիական լուծույթը… քի՞չ ենք զոհ տվել: Գրիպից էլ են բազմաթիվ մարդիկ մահանում, ինչի մասին չի խոսվում, բայց այս կովիդն անհասկանալի պոլիտիկա է: Սա նորմալ երևույթ չի, պարզապես փորձարկումներ են անում մարդկանց վրա: Հայտնի չէ, թե երկարաժամկետ ընթացքն ինչպիսի՞ն է լինում»,- ասաց երգչուհի, երգահան, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը:

Լրագրողի նկատառմանը, որ Առողջապահության նախարարությունը որպես պատվաստման այլընտրանք՝ առաջարկում է 14 օրը մեկ թեստ հանձնել, Աֆրիկյանն արձագանքեց.

«Դա փող աշխատելու, մարդկանց ձեռք առնելու միջոց է: Օրինակ՝ ես այսօր գնացի թեստ հանձնեցի, պատասխանը բացասական է, ի՞նչ երաշխիք կա, որ 5 րոպե հետո, երբ ես բարձրանում եմ տրանսպորտ, նստում եմ մետրո, ես կովիդով չեմ հիվանդանա, կամ հաջորդ օրը: Սա ես անտրամաբանական կապիկություն եմ համարում, փող աշխատելու ձև է»:

Պատվաստման դեմ ակցիայի մասնակիցը նաև պատմեց, որ իր ծանոթները գնացել են իրենց մոտակա պոլիկլինիկա՝ պատվաստվելու, և այնտեղ, մինչև պատվաստվելը, որևէ հետազոտություն չեն արել:

«Ոչ հետազոտում են история болезни-ն, թե այդ մարդն ի՞նչ առողջական վիճակում է գտնվում, ոչ հետազոտում են մարդու իմունիտետային ստատուսը, կարելի՞ է, թե՞ չի կարելի: Գնացեք кролик-ի պես պատվաստվեք, ու ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրում: Անգամ ԱՀԿ-ն պատասխանատվություն չի կրում… Սա մարդկության դեմ ուղղված աբսուրդ է»,- ասաց Աֆրիկյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս