
Լֆիկին և վերջ. մամուլ

«Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող, հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առևտուր անել: Խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից:
Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» աոևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը: Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն` ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթիում», հաճույքով կլսենք այդ բացատրությունը»: