Ցավոք սրտի, արդեն 3 տարի իշխանության եկած քաղաքական ուժը նվաստացնում է մեր անցյալը, մեր հաղթանակները. Լիլիթ Գալստյան
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Եռաբլուր կատարած այցի շրջանակներում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ երբեք այսքան ծանր ապրումներ չի ունեցել ՀՀ անկախության օրը, ինչպես այսօր: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անկախությանն «այո» է ասել՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ ծանր պայքարի, զոհողությունների, նվիրումների ճանապարհ է սպասվում:
«Ցավոք սրտի, արդեն 3 տարի իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն նվաստացրեց մեր հաղթանակները, նվաստացրեց մեր անցյալը, իր վարած ապիկար քաղաքականության արդյունքում գրեթե սևացնելով, հրեշայնացնելով անցյալը, այսօր զոհասեղանին է մոտեցրել մեր անկախության ապագան: Մեր կորուստներն անտանելի են, երկիրը ծանր պայմանների մեջ է հայտնվել, մենք էսօր կասկածի տակ ենք դնում պետությունը, նրա ապագան… Պետությունը կազմաքանդման մի ընթացք է ապրում»,- ասաց Գալստյանը՝ հույս հատնելով, որ հայ ժողովուրդն այդուամենայնիվ իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու այս ծանր ժամանակները: