Զինված ադրբեջանցին սպառնացել է արցախցի երեխաներին. ավտոբուսի վրայից դաշույնով մաքրել է Արցախի դրոշը
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում, որտեղ ադրբեջանցիներն արդեն 1 շաբաթ ոստիկանական հենակետ են տեղադրել և ստուգում են այդ ճանապարհով անցնող մեքենաները, երեկ հերթական միջադեպն է գրանցվել։
Ադրբեջանցի զինված ոստիկանները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի պատանեկան թիմի սաներին տեղափոխող միկրոավտոբուսը, դաշույնով մաքրել ավտոբուսի վրա փակցված Արցախի Հանրապետության դրոշը և գերբը։
Տեղի ունեցածը հենց իրենք՝ ադրբեջանցիները, տեսանկարել և տարածել էին համացանցով։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինված ոստիկանն ավտոբուսում գտնվող երեխաների հետ սպառնալից տոնով խոսում, հետո էլ ասում, թե իբր Լեռնային Ղարաբաղ այլևս չկա․
«Դուք պետք է իմանաք, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանինն է, հասկացա՞ք»։
Միջադեպին անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա իր գրառման մեջ նշել է, որ ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով:
«Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարձակ պահվածք»։
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում տեղադրել էր այս տեսանյութից արված մի լուսանկար, ինչպես նաև ավտոբուսում գտնվող ֆուտբոլային ակումբի տղաների մեկ այլ լուսանկար՝ արդեն մարզադաշտից, և կից գրառում կատարել․
«ադրբեջանցիքի էդ տարածած վիդեոն որ տեսա, միակ բանը, որ ուշադրությունս գրավեց, էս տղու հանգստությունն էր. նայում ա թուրքի դեմքին, հայացքն իջացնում, նայում ա դրանց զենք ու զրահին, ու գլուխը թեքում մի կողմ։
Երկրորդ նկարում Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է։ Հենց էս էրեխեքի ավտոբուսն էին կանգնացրել նիկոլի սիրած խաղաղասեր թուրքերը։ Իսկ տեսանյութի տղան՝ գավաթի կողքը պառկած թիմի ավագն է՝ Արթուր Ասկարյանը։ Արթուրը 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է… Թե ի՞նչ ա զգացել էդ պահին էս էրեխեն՝ մնում ա միայն կռահել, բայց որ չի վախեցել, դա ակնհայտ ա։ Ու վստահաբար էս միջադեպը էս տղուն մի գրամ անգամ չի կոտրել, դեռ մի բան էլ վրեժի ծարավով ա լցրել։
Տղերքը հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում։ Անցած լինի, ցավներդ տանեմ»։
Ադրբեջանցի ոստիկաններն իրենց հայատյաց գործողությունները ֆիքսել և տեսանյութը տարածել են նաև այսօր։ Նրանք Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այս անգամ էլ բեռնատարներից մեկի վրայից դանակով մաքրել են Հայաստանի Հանրապետության դրոշը և «Armenia» գրառումը։
Հիշեցնենք, որ թշնամին 2 օր առաջ էլ Որոտանում կանգնեցրել էր զինվորների համար հաց տանող ավտոմեքենան, հայհոյանքներ հնչեցրել, ավտոմատներով հարվածել մեքենային։