«Ադրբեջանցիները զենքերով հարվածել են մեր զինվորներին հաց տանող մեքենային ու հայհոյել»․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Որոտանում տիրող իրավիճակի մասին

«Ադրբեջանցի զինվորները երեկ շատ լկտի պահվածք են ցույց տվել մեր զինվորներին հաց տանող մեքենայի վարորդի և ուղևորների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

Նա մեզ պատմեց՝ երեկ Որոտանի այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական հենակետ էին տեղադրել և կանգնեցնում էին Իրանից ժամանող բոլոր մեքենաները, ինչի հետևանքով խցանում էր առաջացել, ադրբեջանցիներն էլ առիթից օգտվելով՝ մոտեցել էին հայկական պետհամարանիշերով մեքենային և նման լկտի վարք դրսևորել․

«Որ խցանում է եղել, ադրբեջանցիներն ավտոմատներով եկել ու իրենց դիմաց կանգնել են։ Շատ կոպիտ պահվածքով, զենքերով հարվածել են մեքենայի, վատ բառեր արտահայտվել, հայհոյել․․․ ռուս խաղաղապահներն են միջամտել, մեքենան ճանապարհել։ Մեքենայում 3 հոգով են եղել, 2 ջահելները, որոնց Որոտան գյուղից վերցրել է, որ հետը բերի Գորիս, շատ վախեցած են»։

Կարեն Քոչարյանն ասաց, որ Գորիս-Կապան և հակառակ ուղղությամբ շարժը զգալի կրճատվել է, մարդիկ վախենում են այդ հատվածով անցնել․

«Նախընտրում են Աղվանի ճանապարհով գնալ, քան թե՝ այդ, հատկապես գիշերը, մարդիկ չեն ուզում այդ ճանապարհով գնալ․․․»։

Հարցին՝ իշխանության ներկայացուցիչներ ժամանե՞լ են Գորիս, Որոտան, որպեսզի խնդրին տեղում ծանոթանան, Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեմ։

Հիշեցնենք, որ արդեն 1 շաբաթ է, ինչ թշնամին Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղադրել և Որոտանի հատվածում ստուգում է Իրանից ժամանող մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, այնուհետև՝ 250 դոլար:

Այս տեղեկությունը սեպտեմբերի 13-ին հաստատել էր նաև ՀՀ Անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ․ 

«Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 25-ին Ադրբեջանը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ Կարմրաքար-Շուռնուխ, ապա՝ Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները, ճանապարհը բացվեց 3 օր հետո:

Տեսանյութեր

Լրահոս