«Ոսկեպարում ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ինչ վերաբերում է սահմանային հարցերին, իրավասու չեմ պատասխանել»․ Ոսկեպարի գյուղապետ
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Ոսկեպարում տեղակայված ռուս զինվորականներն իջեցրել են Ռուսաստանի Դաշնության դրոշը, և պարզ չեն նրանց գործառույթները․
«Շուրջ 20 օր է, ինչ ռուս զինվորականները Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի իրենց կեցավայրի տարածքից՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից տարածքից, հանել են ՌԴ պետական դրոշը։ Ոսկեպարում նրանց քանակը և կազմը պարբերաբար փոխվում է։ Ոսկեպարի բնակիչները չգիտեն, թե իրենց գյուղում ինչ գործառույթներ ունեն ռուս զինվորականները, նրանք առայժմ զբաղվում են իրենց կեցավայրը բարեկարգելով»։
Պարզելու համար, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է Ոսկեպարում, 168.am-ը կապ հաստատեց Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մասխուդյանի հետ․
«Ոչ մի բան չի կատարվում, ամեն ինչ նորմալ է, դրոշ չի էլ եղել, չեն էլ իջեցրել․․․ Մանրամասների համար կխնդրեմ՝ ՊՆ-ին զանգահարեք, իրենք կասեն, բայց ես Ձեզ հավատացնում եմ՝ ոչ մի արտառոց բան չկա, ամեն ինչ կա՝ ոնց որ եղել է, որևէ լարվածություն, ոչ մի բան չկա․․․ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»։
Ճշտող հարցին՝ ռուսական զորքն այս պահին շարունակում է Ոսկեպարում մնալ, Սերոբ Մասխուդյանը կրկին ուղղորդեց դիմել Պաշտպանության նախարարությանը։
168.am-ը փորձեց կապ հաստատել Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հաղորդագրություն էր տարածել, անդրադարձել Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկություններին․
«Հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»։