«Ասեցի՝ Նիկոլն ի՞նչ ա, որ դուք ինչ լինեք, ոստիկանն ասաց՝ խի՞ ես ասում Նիկոլ, պարոն վարչապետ ասա»․ Սոթքի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը, որն ունի հաշմանդամության խնդիր (2 ոտքերն անդամահատված են), դեմ է համայնքի խոշորացմանը և իր վրդովմունք արտահայտելու համար անվասայլակով մոտ 4 կիլոմետր ճանապարհ անցնելով՝ միացել էր Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներին ու փակել Սոթք-Վարդենիս ճանապարհահատվածը։

Արմենը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 14-ամյա որդին է օգնել հասնել ճանապարհի այն հատվածը, որտեղ գյուղացիները հավաքվել և իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել․

«Մենք չենք ուզում, որ մեր համայնքը միացնեն Վարդենիսին, թող այսպես մնա։ Էսքան բան եղավ, թշնամին եկել նստել է գյուղի վերևում՝ մեր տան դիմաց, խոտհարքները վառեցին, անասուններին գողացան, անընդհատ կրակում են, բայց իշխանություններն այս ամենին լուծում չեն տալիս, որոշել են համայնքները խոշորացնեն»։

Արմեն Մարտիրոսյանը պատմեց, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են ճանապարհը բացել, քաշքշուկ է սկսվել, ինքն էլ Նիկոլ Փաշինյանի մասին կոպիտ է արտահայտվել և արժանացել ոստիկանության աշխատակցի դիտողությանը։

«Վարչապետի հասցեին ուրիշ անունով է դիմում, պարոն վարչապետ թող ասեն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր ոստիկանության աշխատակիցը։

«Ոստիկանները մեր 2 ջահել տղերքին քաշքշում էին, ես հետևից հրեցի, որովհետև ընկնում էին վրես, ասեցի՝ խի՞ եք քաշքշում, պատասխանեց՝ լավ եմ անում։ Ասացի՝ էս ա էլի ձեր պահած քաղաքը, մարզերը, ասեցի՝ Նիկոլն ի՞նչ ա, որ դուք ինչ լինեք, ոստիկանության աշխատակիցն ասաց՝ խի՞ ես ասում Նիկոլ, ինքը վարչապետ է, պարոն վարչապետ ասա։ Ես էլ ասացի՝ Նիկոլը վարչապետ չի, ինքը Սյունիքը ծախեց, հիմա Գեղարքունիքի մարզն էլ է վաճառում, վաղը ադրբեջանցիները գալու են Սոթքում էլ անցակետ դնեն, ավտոները ստուգեն, երեխեքին, ժողովրդին բռնեն տանեն, ամեն ինչ էլ կանեն։ Եթե այսպես շարունակվի, վաղն էլ ադրբեջանցիները գալու են Երևանում նստեն»,- պատմեց Սոթքի բնակիչը։

Նրա խոսքով՝ Կառավարությանը 2 օր ժամանակ են տվել, որպեսզի խնդրին լուծում տան, եթե ոչ, ապա կրկին ճանապարհ կփակեն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի 18 գյուղերի բնակիչները փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը, պահանջում էին, որպեսզի Կառավարությունը համայնքների խոշորացման նախագծով Գեղամասարը չմիացնի Վարդենիս համայնքին։ Նշենք, որ ճանապարհը փակած գյուղացիների և ոստիականության աշխատակիցների միջև քաշքշուկ էր եղել, երբ գյուղացիները հրաժարվել էին բացել ճանապարհը։

Տեսանյութեր

Լրահոս