Տեր-Պետրոսյանը հասկացավ, որ իր մարտավարությամբ ՀԱԿ-ին բերեց վերջնական ոչնչացման

Մեր ժողովուրդն իր ապագան չի կարող վստահել մարդկանց, ինչպիսին Հրանտ Բագրատյանն է, ում աշխատանքն արդեն տեսել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցին, թե կարո՞ղ է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մրցակից լինել գործող նախագահին:

«Բագրատյանն ամբողջ Հայաստանի տնտեսությունը քանդեց, մասնավորեցրեց, ոչնչացրեց, փոշիացրեց, էգ ու որց կովերն իրարից չէր տարբերում և այլն և այլն: Դա ծիծաղելի է, ժողովուրդը չի կարող ընտրել իրեն այնպիսի ղեկավար, որը տառապանքների էր իրեն դատապարտել: Նրա գործունեության արդյունքում մենք այսօր ունենք կործանված տնտեսություն: Մեզ մոտ գրեթե ոչ մի ձեռնարկություն չի մնացել հենց Հրանտ Բագրատյանի շնորհիվ: Կարծում եմ՝ ոչ մեկ էլ չի ուզենա ապրել այնպես, ինչպես 94, 96 թվականներին, երբ մենք մեր մաշկի վրա զգացել ենք, թե ի՞նչ է նշանակում Հրանտ Բագրատյանի ծայրահեղ լիբերալ տնտեսությունը: Փառք Աստծո, մենք տեսել ենք, թե ո՞վ է Հրանտ Բագրատյանը գործի մեջ: Թող առաջադրվի, ի՞նչ է եղել»,- նշեց Հայկ Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրմանը, ապա Հայկ Բաբուխանյանն ասաց. «Կառաջադրվե՞ր Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ոչ, գործող նախագահի համար որևէ նշանակություն չուներ: Հենց իրենք էին իրենց լավագույն պատկերացնումներում հասկանում, որ տոկոս հավաքել չեն կարող: Ասենք՝ Զուրաբյանի երազանքի ամենաբարձրակետը ընդհամենը 7-10 տոկոս էր: Տեսան նաև լուրջ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, ըստ որոնց, 6 տոկոս ձայն էին կանխատեսում ՀԱԿ-ին:

Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ այդմ՝ իմացավ, որ ոչ թե 68 տարեկան է, այլ իմացավ իր իրական հնարավոր ձայների մաքսիմում քանակը՝ հաշված տոկոսները: Նա հասկացավ, որ իր մարտավարությամբ ՀԱԿ-ին բերեց վերջնական ոչնչացման, որոհետև նա մի բան ասում էր, մի բան հռչակում, այլ բան անում: Նպատակը հասնել իշխանության, կամ եթե չհասնել իշխանության՝ վնաս հասցնել Հայաստանի միջազգային վարկին, ինչը և արվում էր մարտի մեկից սկսած, մինչև գրեթե վերջերս»:

Տեսանյութեր

Լրահոս