«Չկա որևէ իրավակարգավորում չթեստավորվող կամ չպատվաստվող դասախոսին աշխատանքի չթողնելու համար». ԵՊՀ աշխատակից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
Պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է սեփական գրպանից վճարի: Նախարարի հրամանով՝ բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որտեղ պետք է նշվեն աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկությունները: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է գործատուն՝ տուգանքներ վճարելով:
Նախարարի այս հրամանը տարածվում է նաև ուսումնական հաստատությունների վրա, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ պրոֆեսորադասախոսական կազմի և բուհերի աշխատակիցների։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել էր Երևանի պետական համալսարանի ռեկտորատի անդամների հետ։ Անդրադարձել էր կորոնավիրուսին և դրա հետևանքներին՝ հատկապես շեշտելով վիրուսի դեմ պատվաստումները, ասել, որ պատվաստման գլխավոր նպատակը մահացության և հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքի բացառումն է:
Երևանի պետական համալսարանի արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ պատվաստումների մասին Առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ ԵՊՀ-ում կարծիքներն իրարամերժ են․
«Չկա որևէ իրավակարգավորում, որով գործատուն չթեստավորվող կամ չպատվաստվող դասախոսին կամ աշխատողին, էական չէ, աշխատանքի չթողնի։ Այսինքն՝ պետք է հղում տան, չէ՞, մի տեղ, ինչի՞ն պետք է հղում տան, եթե հղում պետք է տան Աշխատանքային օրենսգրքին, նման բան չկա, եթե հղում պետք է տան նախարարի հրամանին, չի կարելի ավելի ցածր իրավական ուժ ունեցող փաստաթուղթը գերակա լինի ավելի բարձր իրավական փաստաթղթին, այս դեպքում ՝ հրամանը՝ Աշխատանքային օրենսգրքին։ Կարծում եմ՝ այստեղ խնդիր կա, բուհական համակարգում պարտադրանքի լեզվով հատկապես, եթե վերաբերում է մարդու անձին, ինքն է որոշում՝ ուզո՞ւմ է պատվաստվել, թե՞ ոչ, ինքն է որոշում՝ ուզո՞ւմ է թեստավորվել, թե՞ ոչ»։
Ավետիսյանն ասաց, որ ԵՊՀ ժամանած Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մի քանի հարց է ուղղել, սակայն պատշաճ պատասխան չի ստացել․
«Ստացվում է մի իրավիճակ, որ մարդիկ պատվաստման ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց ոչ համաճարակային իրավիճակի հետ կապված, երևի քանակության մասին է խոսքը, դիմում են ցանկացած միջոցի, այս դեպքում՝ նաև պարտադրանքի։ Որ հարցնում ես՝ պարտադրա՞նք է, ասում է՝ չէ, պարտադրանք չի։ Եղբա՛յր, եթե դու կամ-կամ ես դնում՝ դա արդեն պարտադրանք է, եթե դու ասում ես՝ կա՛մ պետք է պատվաստվես, կա՛մ պետք է թեստավորվես, բա էլ ի՞նչ ձև կա պարտադրանքի, դա՛ է պարտադրանքը»։
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հստակ թվերի չեն տիրապետում, թե ԵՊՀ-ում օգոստոսի 23-ից սկսել են պատվաստման գործընթաց, պատվաստվում են ինչպես ԵՊՀ աշխատակիցները, այնպես էլ ուսանողները․
«Այսօրվա դրությամբ մեզ մոտ՝ ԵՊՀ-ում, ունենք մոտավորապես 250 պատվաստված աշխատակից և ուսանող, տվյալները դեռ սրանք են։ Այժմ պատվաստումները տեղի են ունենում ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում, բայց սեպտեմբերի 13-15-ի շրջանակում մենք արդեն կունենանք պատվաստման համար շարժական կայաններ։ Ասեմ, որ հետադարձ կապ ունենք մեր դասախոսների հետ, մեր բուժաշխատակիցները զանգում, հետաքրքրվում են նրանց ինքնազգացողությամբ»։
Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի խոսքով՝ կարևոր է նկատել, որ ԵՊՀ դասախոսական կազմի մեծ մասը մասնակցում է արտասահմանյան տարբեր հանդիպումների, գիտաժողովների, և նրանց համար ավելի հեշտ կլինի, որ ՀՀ-ից դուրս գան արդեն պատվաստված, որպեսզի ամեն անգամ հավելյալ գումար չծախսեն թեստավորման համար։
ԵՊՀ արհեստակցական միության նախագահ Արմեն Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 7-ին նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, նշել, որ նման որոշում կայացնելուց առաջ պետք է հարցը քննարկել շահագրգիռ կողմերի, այս դեպքում՝ գործատուների և արհմիությունների հետ, ինչը փաստացի չի արվել․
«Որևէ քննարկում չի եղել, իսկ Հանրապետական եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը, որը կնքում է ՀՀ վարչապետը, ՀՀ արհիմությունների կոնֆեդերացիայի նախագահը և ՀՀ գործատուների միության նախագահը, հստակ ասում է, որ Կառավարությունը աշխատողների շահերին վերաբերող ցանկացած որոշում ընդունելու ժամանակ պետք է հաշվի նստի նաև գործատուների միության և արհմիությունների կոնֆեդերացիայի կարծիքի հետ, բայց ոչ կարծիք են հարցրել, ոչ բան»,- ասաց Արմեն Ավետիսյանը, ապա հավելեց, որ սպասում են Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատասխանին։
Նշենք, որ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ դասախոսներ, սոցիալական կայքերում իրենց դժգոհությունն են արտահայտել ու դեռ շարունակում են արտահայտել Առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ, ասելով, որ պատվաստանյութերի նկատմամբ վստահություն չունեն, իսկ թեստավորման համար՝ բավարար միջոցներ։ Թե Առողջապահության նախարարությունն ինչպե՞ս է ստուգելու և վերահսկելու հազարավոր գործատուների պատվաստման և թեստավորման գործընթացը, սա մեկ այլ խնդիր է։