«Նազելի Բաղդասարյանը խոստումներ կուդար՝ Նիկոլիկի հետ հանդերձ․ լրիվ մոռացել են»․ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետը 2 տարի անգիտակից վիճակում է
Ուղիղ երկու շաբաթից՝ սեպտեմբերի 17-ին, կլրանա Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու 2 տարին։ Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա․
«Էլի նույն վիճակն է, առանձնապես փոփոխություն չկա՝ անգիտակից, ոչ մի ռեակցիա։ Եթե իր մոտ ջերմություն է լինում, բժիշկ ենք կանչում․ «Կարմիր Խաչի» քույրերն էլ օրումեջ գալիս են իրեն խնամելու։ Մեզ մնում է մերսողի խնդիրը, առաջ նախարարությունն էր տեր լինում, բայց հիմա էլ տեր չի լինում։ Պաշտպանության և Առողջապահության նախարարները փոխվել են, հիմա երկուսն էլ ատկազ են գալիս, արդեն 5-6 ամիս է՝ մենք ենք մեր միջոցներով մերսում, երբ ժամանակ է լինում՝ հայրս է անում, ես եմ անում, կամ գումար ենք տալիս՝ մերսող է գալիս․․․»։
Անդրադառնալով Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին, որն այդ դեպքից մեկ շաբաթ անց հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր դարձավ, փոխգնդապետի եղբայրն ասաց․
«Իրենք պետք է պատասխան տան։ Ընդհանրապես չեն հետաքրքրվում, դաժե Նազելի Բաղդասարյանը, որ եսիմ ինչ խոստումներ կուդար՝ Նիկոլիկի հետ հանդերձ, գյումրեցի Նազելին, վերվեր թռած, դաժե իրենք մի հատ չեն հետաքրքրվել։ Այն ժամանակ նախարարությունից էին հաճախ գալիս, հիմա իրենք էլ չեն գալիս․ լրիվ մոռացել են, էլի, ինչ եղավ՝ եղավ, Նիկոլիկն էս անգամ էլ անցավ՝ իրենց համար արդեն ֆսյո, կարող են ամեն ինչ մոռանան։
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Քրեական գործով որպես մեղադրյալ էին ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։