ՕԵԿ-ը ձերբազատվում է պատահական մարդկանցից
Այսօր ՕԵԿ համագումարում կուսակցության գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը հայտարարեց, թե ՕԵԿ-ը «բարդացրել» է կուսակցության անդամակցելու կարգը, ուստի այսուհետ ՕԵԿ-ական կարող են դառնալ միայն այն անձինքն, ովքեր կանցնեն փորձաշրջան և կունենան համապատասխան երաշխավորություններ:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը նման որոշում էր ընդունել դեռևս խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ին ձայն տվողներն ավելի քիչ են եղել, քան կոսւակցության անդամները:
ՕԵԿ գլխավոր քարտուղարն այսօր ասաց, թե նման որոշումը նպատակաուղղված է կուսակցության անդամների պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև «պատահական մարդկանցից ձերբազատվելուն»:
«Վերջին յոթ ամիսների ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական հետևողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ի դրությամբ վերահաստատվել և անդամագրվել է 71.318 ՀՀ քաղաքացի: Այդ գործընթացը շարունական է»,- հայտարարեց կուսակցության գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ անդամագրվելու ցանկություն ունեցողները շատ են, պարզապես իրենց նպատակն է կուսակցությունը սկզբունքային մարդկանցով համալրելը: