Եղևնին էլ է թանկացել. մամուլ
«Այս տարի, ի թիվս շատ այլ ապրանքների, թանկացել է նաև եղևնին: Խոսքը, տվյալ դեպքում, արհեստական եղևնու մասին է: «Այրարատ» կինոթատրոնի հարևանությսւմբ դրանց առևտրով զբաղվողները մեզ հետ զրույցում երեկ ասացին, որ նախորդ տարվա համեմատությամբ գները բարձրացել են 3-5 հազար դրամով: Նշված վայրում եղևնու գները երեկ տատանվում էին 3 հազարից մինչև 75 հազար դրամի սահմաններում: Եղևնիների բարձրությունը, համապատասխանաբար, 50-240 սմ էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Վաճառողներից մեկը մեր հետ զրույցում նաև ասաց, որ անցյալ տարվա համեմատությամբ էականորեն նվազել են վաճառքի ծավալները` շուրջ 20 տոկոսով: Նրա խոսքով, առևտուրը սովորաբար աշխուժանում է դեկտեմբերի 20-ից հետո: «էսօր արդեն ամսի 21-ն է»,- ասաց նա ու հիշեց, որ այդ օրը կանխատեսված էր աշխարհի վերջը: «Երևի բարեկամներով իրար գրկած նստած են»,- ենթադրեց մեր զրուցակիցը` չբացառելով, որ երբ աշխարհն ու մարդկությունը փրկվեն կործանումից, իր պոտենցիալ հաճախորդների մեջ էլ հետաքրքրություն կծագի տոնի ու եղևնու նկատմամբ:
Ի դեպ, «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ բնական եղևնիներ չէին վաճառվում: Ասում էին` հակառակ դեպքում «ԿԳԲ-ն անմիջապես հայտնվում է», հարցնում` որտեղից, ինչ: