Տոնական մեռելային լռություն. մամուլ
«Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած հանդիսավոր արարողությունը` վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Քաղաքապետարանն արդեն մի քանի օր է հեռուստաալիքներով հայտարարություն էր տարածում` բոլորին հրավիրելով նշյալ միջոցառմանը:
Ճանապարհային ոստիկանությունը, ինչպես միշտ, մեքենաների երթևեկության համար փակել էր Հանրապետության հրապարակ տանող փողոցները, մյուս բոլոր փողոցներում առաջացնելով մեծ խցանումներ, շատրվանների հարևանությամբ տեղադրվել էր ճոխ բեմ, լուսային էֆեկտներով-բանով, կազմակերպվել էր համերգ, վերջում` հրավառություն:
Այս առիթով քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր»:
Ու որքան էլ տպավորիչ է այս հաղորդագրությունը, իրականությունն այն է, որ երեկ մարդիկ հիմնականում մանկահասակ երեխաների հետ, կամ երիտասարդ զույգեր հավաքվել էին հրապարակում, բայց այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Համերգը վարողի բոլոր ջանքերը «ժողովուրդ ջան, եկեք ծափահարենք, ավելի բարձր ծափահարենք», միևնույնն է` հնչում էին ինչպես «ձայն բարբառո անապատի»:
Իրավիճակն ավելի խայտառակ էր, երբ հաղորդավարը հայտարարեց, թե հեսա-հեսա, ուր որ է` մեզ կմիանա քաղաքապետ Տարոն Մարգարյանը (նա ուշանում էր), ու դա անում էր օվացիաների ակնկալիքով, այնինչ լռությունը խախտում էին հատուկենտ ծափեր միայն: Հրապարակի շքեղ լույսերի ու մնացած ամեն ինչի ֆոնին այդ մեռելային լռությունը երևանցիների հավաքական վերաբերմունքի արտահայտությունն էր Տարոն Մարգարյանին: Եվ ոչ միայն նրան»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: