«Ր. Հովհաննիսյանը ոչ մի անգամ խաղերի չգնաց». Ռ.Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը համաձայն չէ  այն տեսակետին, թե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող նախագահի արժանի թեկնածու լինել, քանի որ «խաբվել է» նախկին գործընկեր «Ազատ դեմոկրատների»  կողմից: Նա կարծում է, որ, ի տարբերություն շատ այլ քաղաքական գործիչների,  «Ժառանգության» առաջնորդը բարոյականության դաշտում է  գործել:

«Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պետք է հայտարարի, որ  սուտ է եղել, ես և Զարուհի Փոստանջյանը դեմ եղանք՝ նկատի ունենալով, որ առաջիկայում ընտրություներ  են: Մենք ասացինք, որ կարող է  իր հեղինակությանը վնասել, ընտրություններից հետո շոշափենք այդ հարցը: Նա զայրացած ասաց՝ այդքան բան հասկանում եմ, որ գնում ենք ընտրությունների, դա կարող  է ձայների կորուստի բերել, բայց  արդարությունը չեմ կարող զիջել քաղաքական կոնյունկտուրային»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա նշեց, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ ստվերային գործընթացի չի մասնակցել և չի եղել քաղաքական այն խաղերի մեջ, որոնք չնպաստեցին ընդդիմության համախմբմանը: Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ դեռ երկու ամիս առաջ էր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել իր թեկնածության մասին, ինչը խոսում է նրա հրապարակային գործունեության մասին:

«Նա շատ հստակ ուղեգիծ ուներ, և դրա մեջ լիքը բարոյականություն կար: Քաղաքականությունը հրապարակային դաշտ է, և Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մի անգամ խաղերի չգնաց»,- ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ Ռուբիկ Հակոբյանը  նշեց, որ ընդդիմությունը պետք է մտածի ընդդիմադիր զանգվածի ձայները չկորցնելու մասին: Ռուբիկ Հակոբյանը չի բացառում, որ մինչև նախագահական ընտրություններ քաղաքական դաշտն էական փոփոխությունների կարող է ենթարկվել, ինչպես  դա եղավ 1996թ.-ին:

«Չեմ բացառում, որ առաջիկայում՝ մինչև նախագահական ընտրություններն, այնպիսի զարգացումներ լինեն, որոնք բացարձակապես կփոխեն իրավիճակը»,- նշեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս