Բաժիններ՝

Երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին` ինչ է «ատկատը». մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը»: Տվյալ դեպքում «ատկատը» մայրաքաղա­քի մայթերին հաստ շերտով սառույցն է, փողոցների եզրերի եր­կայնքով կիլոմետրերով ձգվող խորը ցեխաջրերը, թրջված ոտ­քերը, ամեն պահի ընկնելու և մարմնի որևէ մաս կոտրելու վտանգը, չաշխատող հասարակական տրանսպորտը, կան­գառներում ժամերով կանգնելու պատճառով մինչև ոսկորները սողոսկած ցուրտը, ավտոպատահարի «բախվելու» հեռանկարը և այլն:

Երևանի քաղաքապետարանը երեկ այս առիթով հայ­տարարություն տարածեց, որտեղ նշված են տոննաներով օգ­տագործված աղի և հարյուրավոր ձյուն մաքրող մեքենասարքավորումների կատարած աշխատանքի մասին տեղեկություն­ներ:

Բնականաբար, այդ ամենը տեղ կգտնի նաև քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվության մեջ, իսկ ահա վերը նկարագրվածը որևէ հաշվետվության մեջ չի հայտնվի: Եվ երբ Վերահսկիչ պալատը, ասենք, եկող ամառ ստուգումներ անց­կացնի քաղաքապետարանում, «ատկատն» այդպես էլ չի հայտնաբերվի:

Ի դեպ, քաղաքապետարանին այս հարցում մեծ ծա­ռայություն է մատուցում նաև ոստիկանությունը: Երեկ մեր թղթա­կիցը հետաքրքրվել է` տեղացած ձյան հետևանքով Երևանում այս օրերին ավտովթարների թիվը սովորականից մե՞ծ է եղել: Ի պատասխան` ոստիկանության հասարակայնության և լրատ­վության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասել է, թե ավտովթարները պետք է որ շատ լինեին, բայց այդպես չի եղել, քանի որ վարորդները զգույշ են վարում:

Ըստ ոստիկանության ամփոփագրի` նախօրեին մայրաքաղաքում տեղի է ունեցել 3 ավտովթար, երեկ ոչ մի: Բայց…  «Մանր-մունր բախումներ էլ կան»,- ասել է Մալխասյանը: Այդ «մանրմունրերը» չեն արձա­նագրվել և ամփոփագրում տեղ չեն գտել, դրանց թիվը ոստիկա­նությունը թաքցնում է: Իսկ դա արվում է միայն մի նպատակով, որպեսզի հարց չծագի` բա եթե քաղաքապետարանն այդքան աղ ու բենզին է ծախսել ձնամաքրման աշխատանքների վրա, ինչու՞ է այդքան շատ ավտովթար եղել: Տարոն Մարգարյանն էլ, հասկանում եք, լավության տակ մնացողը չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս