Ապագայի սցենարները՝ ըստ ԱՄՆ Հետախուզության
ԱՄՆ Հետախուզության ազգային խորհուրդը ծավալուն զեկույց է պատրաստել՝ կանխատեսումներ անելով և տարբեր սցենարներ նշելով համաշխարհային տնտեսության, աշխարհաքաղաքականության, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Վերլուծություններն արված են մինչև 2030 թվականը։
140 էջանոց զեկույցի հեղինակները գտնում են, որ մարդկությունը կանգնած է մեծագույն փոփոխությունների շեմին և հնարավոր տարբերակներ է առաջարկում հետագա զարգացումների համար։ Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են, որ ձգտում են ոչ թե կանխագուշակել ապագան, այլ պարզապես նպաստել, որ հնարավոր միտումների շուրջ քննարկում ծավալվի։ Զեկույցի կազմման համար հիմք են հանդիսացել ԱՄՆ 16 հետախուզական մարմիններից ստացված տվյալները։
Առավել հավանական սցենարներ
Stalled Engines (անջատված շարժիչներ). ապագայի բացասական սցենարներից մեկն է, ըստ որի՝ կշարունակվի համաշխարհային տնտեսության ստագնացիան, կտրուկ կսրվի հովանավորչությունը, իսկ գլոբալիզացիոն գործընթացները կդանդաղեն։
Fusion (միաձուլում) . ամենալավատեսական սցենարն է, որի համաձայն՝ առաջատար երկրներն ակտիվորեն կհամագործակցեն՝ տնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար։
Gini-Out-of-the-Bottle (ջինը շշից դուրս է գալիս). բացասական սցենար։ Շատ երկրներում նկատվում է սոցիալ-տնտեսական և քաղաքական լարվածության աճ, կան բացահայտ առաջատար և անհաջողակ երկրներ։ Աճում է անտագոնիզմը և լայնամասշտաբ հակամարտությունների հավանականությունը։
Nonstate World (կորպորատիվ աշխարհ). այս սցենարի համաձայն՝ պետության դերը գլոբալ խնդիրների լուծման հարցում երկրորդ պլան է մղվում։ Փոխարենը՝ աճում է անդրազգային կորպորացիաների դերն ու նշանակությունը։
Մեգամիտումներ
Զեկույցի հեղինակները առանձնացրել են 4 հիմնական մեգամիտումներ։ Ահա դրանք.
Առանձին անձանց ազդեցության աճ. Աղքատության նվազումը և միջին խավի գլոբալ տեսակարար կշռի մեծացումը՝ մատչելի կրթության և ավելի լավ որակի առողջապահության համակարգի հետ միասին, կնշանավորեն մարդկային հասարակության բեկումնային տեղաշարժ։ Փորձագետների կարծիքով՝ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բնակչության մեջ ապահովված մարդկանց թիվն ավելի մեծ կլինի, քան աղքատներինը։
Ավելի բազմաբևեռ աշխարհ. Ասիայի երկրները 2030 թվականի դրությամբ իրենց կշռով և դերով կգերազանցեն Հյուսիսային Ամերիկային և Եվրոպային։ Ասիայում ՀՆԱ-ն, բնակչության թիվը, ռազմական և տեխնոլոգիական ծախսերն ավելի մեծ կլինեն։ Զեկույցի հեղինակները համոզված են, որ մինչև 2003 թվականը Չինաստանը տնտեսապես կդառնա առաջին երկիրը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից։ Համաշխարհային արենայում ամերիկյան դոմինանտությունը ավարտին է մոտենում։ Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ը կլինի հավասարների մեջ առաջինը, սակայն՝ ոչ ընդգծված առաջատար։
Ժողովրդագրական տեղաշարժեր. Մոլորակի բնակչության թիվն այսօրվա 7.1 միլիարդից կհասնի 8.3 միլիարդի (2030թ.)։ Կշարունակվի բնակչության ծերացումը։
Սննդի, ջրի և էներգառեսուրսների նկատմամբ պահանջարկի աճ. Կանխատեսումների համաձայն՝ սննդի նկատմամբ պահանջարկը մինչև 2030թ. կաճի 35%-ով, ջրի նկատմամբ՝ 40%-ով, էներգառեսուրսների նկատմամբ՝ 50%-ով։ Արդյունքում, առանձին տարածաշրջաններ և անգամ առանձին մայրցամաքներ (մասնավորապես՝ Աֆրիկան և Մերձավոր Արևելքը) կբախվեն ջրի և սննդի սուր դեֆիցիտի խնդրին։
Մեգամիտումներից բացի, զեկույցում նշվում են նաև «սև կարապները»։ Դրանք այն իրադարձություններն են, որոնք կանխատեսելը դժվար է, սակայն որոնք կարող են զգալի հետևանքներ ունենալ։ «Սև կարապների» շարքում ԱՄՆ Հետախուզական ծառայությունները նշում են գլոբալ համաճարակը, եվրոյի գոտու փլուզումը, ատոմային պատերազմը, Արեգակի վրա հզոր բռնկումները, որոնք կարող են Երկրի վրա լուրջ մագնիսական ցնցումներ առաջացնել, և այլ իրադարձություններ։