Երկրորդ կարգի դեմքերի զրույցը գեղարվեստական նշանակություն ունի. սոցիոլոգ

«Կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ինչպես ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանն է, «Ժառանգությունը»` Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանը: Միայն նրանց խոսքերին պետք է ուշադրություն դարձնել, որովհետև վերջնական որոշումները նրանք են կայացնում: Թե ինչ են խոսում երկրորդ կարգի դեմքերը, դա մի քիչ գեղարվեստական նշանակություն ունի»,- 168.am-ին ասաց  «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնազրույցի հրապարակմանը:

Առանձնազրույցի հրապարակումն  Ահարոն Ադիբեկյանը նախ դատապարտեց` որակելով բարոյապես սխալ քայլ,  նախընտրական  սև PR: «Խոհանոցային խոսակցությունները կարող են տարբեր ֆորմատով, տարբեր թեմաների շուրջ լինել, այլ  բան են հրապարակային ելույթները: Այնպես որ, սև PR-ի նման մի բան է դա»,-նշեց սոցիոլոգը:

Այն դիտարկմանն ի պատասխան, որ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ի համակարգողն է, հետևաբար՝ Կոնգրեսի պաշտոնական տեսակետը ներկայացնողը, Ա. Ադիբեկյանը պնդեց, թե այդ զրույցը չի կարող նշանակություն ունենալ լայն ընտրազանգվածների վրա` նշելով, թե զրույցի երկու մասնակիցները հզոր դեմքեր չեն, հետևաբար՝ նրանց խոսքը կամ կարծիքը չի կարող որոշիչ լինել:

Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի` Կոնգրեսի թեկնածու լինելու հանգամանքին, սրա վրա ևս աղմկահարույց այս պատմությունը չի կարող ազդել, քանի որ Լևոն Զուրաբյանը, միևնույն է, չունի խարիզմա, չունի ընտրազանգված:

«Նա խարիզմատիկ դեմք չէ: Նա ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարն է եղել, ընդամենը դրանով է հայտնի: Այլ արժանիքներ չունի, որ դառնա քաղաքական գործիչ կամ քաղաքական դեմք: Եթե նա թեկնածու լինի, Լևոն Տեր-Պետրոսյանի ձայների 1-2 տոկոսը կտանի՞, թե՞ չէ: ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական վարկանիշն է, ուրիշ դեմք գոյություն չունի»,- նշեց սոցիոլոգը:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի հետազոտությունների` Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր կարող է ակնկալել ընտրողների ձայների 10%-ը, այս ցուցանիշն առավելագույնը կարող է հասնել 14%-ի: Նրա խոսքերով, քանի որ ԲՀԿ-ն ընտրապայքարից դուրս է եկել, կուսակցությանը տրվելիք ձայների մի մասը կարող է գնալ Լևոն Տեր-Պետրոսյանին, մի մասը`Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չառաջադրվելուն, դա, ըստ սոցիոլոգի, ավելի շատ օգնելու է ՀՀԿ-ին:

«Ռոբերտ Քոչարյանը, որպես իշխանամետ թեկնածու, կարող էր առավելագույնը 20 տոկոս հավաքել: Նրա ձայների մի մասը միանշանակ գնալու է Սերժ Սարգսյանին»,-հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը: Ռոբերտ Քոչարյանի պոտենցիալ ձայներից ակնկալիքներ կարող է ունենալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգության» թեկնածուն, ըստ սոցիոլոգի, ձայներ կտանի նաև ԲՀԿ-ի ընտրազանգվածից, ինչպես նաև՝ ՀՅԴ-ից, եթե վերջիններս սեփական թեկնածուով հանդես չգան:

«Սոցիոմետրի» տնօրենը նշեց, որ հարցումներն ավարտում են և 3-4 օրվա ընթացքում կհրապարակեն:

 

Տեսանյութեր

Լրահոս