Իշխանության ճղճիմությունն ու լևոնական բարոյականությունը

Այսօր համացանցում հայտնված սկանդալային ձայնագրությունը հերթական անգամ ու վերջնականապես բացահայտեց Հայաստանի ողջ քաղաքական համակարգի դեգրադացվածությունը, այն ապաբարոյական մթնոլորտը, որում ապրում է Հայաստանը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի հրապարակումը, խոսակցությունը ձայնագրելու փաստն ինքնին հակասահմանադրական, ապօրինի, հետևաբար` խստորեն դատապարտելի երևույթ է: Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք այն մարդկանց նկատմամբ, ում խոսակցությունը ձայնագրվել է: Կրկնում ենք, դա դատապարտելի է և քննարկման ենթակա չէ:

Դատապարտելի ու քստմնելի է այնքան, որքան դատապարտելի ու քստմնելի է լևոնզուրաբյանների պիտակավորումը` ուղղված առանձին անհատներին, քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին: Սույն համակարգողը կագեբեական մեթոդաբանությամբ նախահարձակ է լինում` գործակալին հատուկ շանտաժի ու դեմագոգիայի դասական կանոններով փորձելով կանխել այդ ձայնագրության բովանդակության քննարկումը: Նրա հիստերիան հասկանալի է: Վարդան Օսկանյանի հետ առանձնազրույցում Լևոն Զուրաբյանը Մարտի 1-ի մասին խոսում է ավելի մեծ ցինիզմով, քան Մարտի 1-ը պարտակող դատաիրավական համակարգի ներկայացուցիչներն ու նրանց պատվիրատուները:

Լևոն Զուրաբյանն` ակնհայտորեն իր թեկնածության սատարումը ԲՀԿ-ի կողմից ստանալու ճղճիմ նպատակով, Վ. Օսկանյանի հետ քննարկում է Մարտի 1-ը վաճառելու դետալները` հետո այդ հարցի քննարկումը որակելով՝ որպես Հատուկ ծառայությունների հետ համագործակցություն: Այն դեպքում, երբ Լևոն Զուրաբյանն ինքն իր առաջադրման մասին սկսեց մտածել այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հայտարարություն արեց Ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցչի համարում ունեցող Սմբատ Կարախանյանը:

Իշխանությունների գործելակերպը որակելով ճղճիմ` Լևոն Զուրաբյանն իրավացի է: Իշխանություններն այնքան ճղճիմ են, որ` վախենալով ռուսական իշխանությունների և նրանց ծառայությունների հետ հակադրվելուց, չեն բացահայտում ՀԱԿ համակարգողի և նրա գործընկերների ու պատվիրատուների իրական առաքելությունը: Այն հակահայկական-պրոռուսական առաքելությունը, որի մասին գրեթե բաց տեքստով Օսկանյանի հետ խոսում է Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանի անձը, տվյալ դեպքում և ընդհանրապես, էական չէ: Սա կարևոր է նրանով, որ, ինչպես ընդհանրապես իր բոլոր հայտարարություններում, այնպես էլ Վարդան Օսկանյանի հետ առանձնազրույցում Լևոն Զուրաբյանն արտահայտում է անմիջականորեն Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն ու քաղաքական գիծը: Դիրքորոշում ու քաղաքական գիծ, որը, սկած իշխանությունների հետ երկխոսությունից՝ մինչև էժանագին քաղաքագիտական վերլուծություն,  հետևողականորեն ամայացրեց Հայաստանի ընդդիմադիր

քաղաքական դաշտը, ինչն էլ դառնալու  է այս իշխանության վերարտադրության գրավականը:

Կրկնում ենք, իրականում Լևոն Զուրաբյանի շուրթերով Օսկանյանի, իմա` Ռոբերտ Քոչարյանի  հետ խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Այլապես ստիպված ենք արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է լևոնզուրաբյանների ու գրասենյակային կապավորների մարիոնետը: Եթե անգամ դա այդպես է,  ապա  Լևոն Տեր-Պետրոսյանի այս ապաքաղաքական, ապամարդկային գործունեությունը կամ անգործությունը պետք է արժանանա քաղաքական գնահատականի և բարոյական պատասխանատվության: Առաջին հերթին՝ Հայ ազգային կոնգրեսի անդամների կողմից: ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները` իրենց կոնյունկտուրային հարմարվողականությամբ, տարիներ շարունակ պարտակել են Լևոն Տեր- Պետրոսյանի իմաստնության անվան տակ իրականացված ապաժողովրդավարական, հակահասարակական գործունեությունը: Հիմա նրանք կա՛մ պետք է խոսեն` գոնե մեղմելով իրենց մեղսակցությունը,  կա՛մ ոչնչով չեն տարբերվելու լևոնզուրաբյաններից:

Ինչ վերաբերում է այս ձայնագրության մեջ արծարծված մյուս անուններին, ապա դրանց կանդրադառնանք առաջիկայում:

Հ.Գ. Երկու անձի խոսակցության ձայնագրություն կարող են իրականացնել երեք կողմ` զրույցի մասնակիցներն` առանձին կամ իշխանությունները: Իրավիճակի նրբությունն այն է, որ այդ ձայնագրության հրապարակումն այսօրվա քաղաքական իրողությունների պայմաններում` որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, կարող է ձեռնտու լինել երեք կողմերին էլ: Այդ մասին՝ հաջորդ դասին:

Տեսանյութեր

Լրահոս