Բաժիններ՝

«Աքիլլես». Խախտվում է վարորդի պաշտպանվելու իրավունքը

Վերջին երկու-երեք տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացված բարեփոխումները դրական ազդեցություն են ունեցել երթևեկության կանոնակարգման վրա: Միևնույն ժամանակ` ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերություններում առկա են գործառնական և օրենսդրական թերություններ ու բացեր, որոնք հանգեցնում են վարորդների իրավունքների խախտմանը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս կարծիքը հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա, ընթացիկ տարվա հունվար ամսից կիրառվող տեսախցիկներն ու արագաչափերը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները բազմաթիվ հարցեր առաջացրեցին վարորդների մոտ. «Ո՞ր իրավական ակտով են տեղադրվում սարքերը, ո՞ր իրավական ակտով պետք է տեղադրվեն կամ չտեղադրվեն նախազգուշացնող նշանները, ինչո՞ւ չեն հրապարակվում այդ սարքերի տեխնիկական տվյալները և շահագործման ինստրուկցիան»:

Բացի այդ` անկատար է վարչական իրավախախտման որոշման ծանուցման կարգը: Ըստ Է. Հովհաննիսյանի, ծանուցման պատշաճ ձևը փոխարինվել է ծրարի վրա փոստատարի կատարած գրառմամբ` «հասցեատերը չի բնակվում» կամ «բացակայում է»:

«Որպես հետևանք` վարորդն անկախ իրենից բաց է թողնում վարչական ակտի բողոքարկման ժամկետը, իսկ փոստատարի գրառումից հետո տույժի չափը, նախ, եռապատկվում է, ապա` 60 օր անց հնգապատկվում: Օրենսդրությամբ չի սահմանված այն կարգը, որով տրանսպորտային միջոցի սեփականատերը պետք է ապացուցի, որ խախտումը կատարել է այլ անձ: Վարչական իրավախախտման որոշումները կայացնելիս խախտվում է վարորդի պաշտպանվելու իրավունքը»,-մասնավորապես ասաց Է. Հովհաննիսյանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս