Շվեյցարիան շարունակում է միջնորդավորված առաջ տանել հայ-թուրքական բանակցությունները. մամուլ
«Երեկ մեկ ուշագրավ փաստ է բացահայտվել. ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն: Իսկ քննարկման թեման եղել է «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ»: Նաև` կարևորվել է վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսությունը և այլն:
Այս հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. Շվեյցարիան ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում աչքի ընկավ, երբ ակտիվ միջնորդի դեր ստանձնեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հարցում:
Ավելին, «ժողովուրդն» օրերս տեղեկացրել էր, որ այս ամիսներին ևս Շվեյցարիան շարունակում է միջնորդավորված առաջ տանել հայ-թուրքական բանակցությունները, սակայն իշխանությունները հերքում էին դա: Փաստորեն, այսպես անուղղակի կերպով հաստատվում է մեր հրապարակած լուրը»: