Րաֆֆիի առաջարկը՝ Սերժ Սարգսյանին
Մինչ ԲՀԿ-ի հայտնի որոշումից հետո Հայ ազգային կոնգրեսը ցայտնոտի մեջ է հայտնվել, մինչ ՀՅԴ-ականները հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ, առանձնակի ակտիվություն է ցուցաբերում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, արդեն երկու օր է` ամենատարբեր ամբիոններից հայտարարում է, որ, ի տարբերություն նախորդ բոլոր ընտրությունների, որոնք ժողովրդավարական, ազատ, արդար չեն եղել, 2013 թվականի նախագահական ընտրություններն այդ առումով լինելու են աննախադեպ:
Նկատենք, որ նման վստահություն, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, հայտնում են միայն ՀՀԿ-ականները: Ընդ որում, հարցն այս դեպքում այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին և նախապես վստահ է դրանց` աննախադեպ լինելու հարցում` սեփական անձի ազգակենտրոնությունը հաշվի առնելով: Մշտապես ռոմանտիկ ու եթերային հայտարարություններով աչքի ընկնող Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ դարձել է շատ ավելի պրագմատիկ, օգտապաշտ` ինչպես ինքը կասեր:
Ընտրությունների աննախադեպ լինելու մասին իր «ապառիկ» հայտարարությամբ նա ուղղակի մեսիջ է հղում գործող նախագահ Սերժ Սարգսյանին՝ առ այն, որ երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում ինքը պատրաստ է ճանաչել 2013 թվականի ընտրությունների լեգիտիմությունը, ճանաչել «առանձնակի դաժանությամբ»՝ ոչ թե՝ որպես սովորական լեգիտիմ ընտրություններ, այլ աննախադեպ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
Րաֆֆի Հովհաննիսյանի մեսիջն իրականում «կոմերցիոն առաջարկ է»: Թե ինչ է ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանը դրա դիմաց՝ դժվար է ասել: Ավելին` Րաֆֆին ինքը չգիտի իր «գինը» և Սերժ Սարգսյանին անուղղակիորեն հարցնում է` «ինչքա՞ն կտաս»: «Որպես առաջիկա թեկնածու, ընտրություններին մասնակից` ես իմ վրա եմ աշխատում, և միգուցե դուք ինձ պատասխան տաք` ես իմ մոտեցման մեջ ի՞նչ պետք է փոխեմ, հայ ժողովուրդը ի՞նչ պետք է լսի, մեր առաջիկա 3 քայլերը որո՞նք պիտի լինեն, որ այդ օրը լիազորված իրավունքով, ինքնավստահությամբ շարքային հայաստանցին, հայ մարդը «ոչ» ասի վախին, սպառնալիքին, ակնարկին, նամյոկին, փողին և այլն»,- երեկ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ակնհայտ է, որ լրագրողներին ուղղված հարցերի հասցեատերն իրականում Սերժ Սարգսյանն է, ումից Րաֆֆի Հովհաննիսյանն ակնկալում է ստանալ «հանձնառություններ»` աննախադեպ ընտրություններին պատրաստվելու և մասնակցելու համար: