Բենթլի և գարշահոտությո՞ւն, թե՞ նորմալ աշխարհ

Եթե դառնայիք նախագահ, ի՞նչը կփոխեիք Հայաստանում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, պատասխանելով այս հարցին, ասաց.

«Առաջինը արժեհամակարգի փոփոխությունն է: Եթե հայ մարդը հավատում է, որ մեր եկեղեցին պետք է «Բենթլի» քշի, իսկ կողքերը պետք է զուգարան լինի, ինչպես Սուրբ Սարգիս եկեղեցու շրջապատն է… Այնտեղ գործող զուգարան չկա, փոխարենը` առաջնորդարանն ունի «Բենթլի» մեքենա: Առաջնորդարանը կարող է ունենալ շատ ավելի համեստ մեքենա, փոխարենը՝ կառուցվի զուգարան և այդ գարշահոտությունը վերացվի: Ուրեմն իմացե´ք` եթե մի տեղ «Բենթլի» է, շրջապատում անպայման գարշահոտություն է` մարդկային հարաբերություններում, նյութական աշխարհում և այլն:  Ընտրե՛ք, կա՛մ «Բենթլի» և գարշահոտություն, կա՛մ ավելի նորմալ աշխարհ` նորմալ փոխադրման միջոցներով, և գարշահոտության բացակայություն: Օրակարգում այս հարցն է` «Բենթլի» և գարշահոտությո՞ւն, թե՞ նորմալ աշխարհ»:

Այսինքն` դա կլիներ նրա նախընտրական կարգախո՞սը: Այս հարցին ի պատասխան՝ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը նշեց, որ կարգախոսների պնակը շատ է,  և մեկ այլ կարգախոս կառաջարկեր:

«Երբ Հնդկաստանն անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից, Մահաթմա Գանդին (հնդկական անկախության շարժման առաջնորդը.- Ա.Ս.) հրավիրվեց Լոնդոն: Գիտեք` կայսրությունները միշտ ուզում են պահել իրենց գաղութները, եթե չստացվեց, հետո գոնե լավ հարաբերություններ ունենալ: Եվ երբ Մահաթմա Գանդին (հիշում եք նրա կերպարը՝ ոտաբոբիկ, մի էժանագին հիտոնի մեջ փափաթված) ներկայանում է մոլորակային հարստության խորհրդանիշ հանդիսացող անգլիական արքունիք, այնտեղ նրան ընդունում է արքան և մեծահոգաբար նայելով այդ գաղութային երկրի ներկայացուցչին` ասում է. «Բրիտանիան չի թողնի, որ հնդիկ ժողովուրդն այդքան հետամնաց մնա, նա պետք է առաջադեմ մարդկության շարքերն անցնի, մեր երկիրն առաջադեմ է, և մեզ մոտ սպառումը գնալով աճում է, մենք կօգնենք, որ Հնդկաստանում էլ աճի»: Սրան ի պատասխան՝ հնդիկ առաջնորդն ասում է. «Բայց չէ՞ որ քաղաքակրթության աստիճանը որոշվում է այլ չափանիշով` ինչքան շատ ես սպառում, այնքան պակաս քաղաքակիրթ ես, ինչքան ավելի քաղաքակիրթ ես, այնքան պակաս ես սպառում»: Եթե հնարավոր է, այս կարգախոսը Մահաթմա Գանդիից և անգլիական աշխարհակալ համակարգից մեզ ընծա»:

Տեսանյութեր

Լրահոս