«Շուգատ ե՞ք լինում». Ոստիկանապետը` art խմբի անդամներին. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ակտիվ, անհնազանդ, քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդների և ոստիկանների շփումները աստիճանաբար ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում:
Երեկ առավոտյան, ժամը 10.30-ի սահմաններում ԵՊՀ-ի մոտ գտնվող գետնանցումից հերթական անգամ ոստիկանությունը բերման է ենթարկել «Հակահարված» art խմբի անդամներին, երկու ժամ պահել և ակտ կազմելուց հետո ազատ արձակել:
Պարզվում է, ոստիկանության Նորք-Մարաշի բաժնում նրանց ցանկացել են տեսանկարահանել «02» օպերատորները: Երբ խմբի անդամները, ինչպես դուրս գալուց հետո փոխանցել են մեր թղթակցին, օգտվելով իրենց իրավունքից, դա թույլ չեն տվել, Նորք-Մարաշի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, դիմելով տղաներին, ասել է. «Ինչի՞, շուգատ ե՞ք լինում»:
Արթուր Մկրտչյանը Նորք-Մարաշի ոստիկանապետի պաշտոնը ստանձնել է մեկ շաբաթ աոաջ, երբ ոստիկանությունում մի շարք կադրային փոփոխություններ կատարվեցին կրկին պայմանավորված «Հակահարված» art խմբի գործողություններով, կամ այդ գործողություններին` ՀՀ իշխանությունների տրամաբանությամբ` ոստիկանների «համարժեք և արագ չարձագանքմամբ»»: