Էթիկայի հարցերով հանձնաժողովը քննարկում է ՀՅԴ դիմումը
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քիչ առաջ մեկնարկած դռնփակ նիստում քննարկելու է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և քաղաքացի Մ.Պատվականյանի դիմումների քննության վերաբերյալ հարցերը:
Քննության արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշում: Հանձնաժողովի որոշումների մասին տեղեկատվություն կներկայացվի նիստի ավարտին:
Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 28-ին դիմել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա), գ), զ) կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին ուղղված դիմումում ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթիկայի կանոնների խախտումն արտահայտվել է վերոհիշյալ արտահերթ նիստին չմասնակցելով: Ըստ դիմումատուի, ավելին` այդ պատգամավորներից յուրաքանչյուրը խոչընդոտել է նաև Սահմանադրությամբ նախատեսված` ԱԺ-ի գործառույթների իրականացմանը և փաստացի նպաստել Սահմանադրության 70-րդ հոդվածով նախատեսված արտահերթ նիստի գումարման, բնականոն գործունեության ձախողմանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը: Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր: