Սուրեն Խաչատրյանը (Լիսկա) ստացավ բաղձալի ոսկե մեդալը. մամուլ
«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին:
Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն և արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցին: Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` բացատրելով «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգևատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»: