Կատակը չի համապատասխանում իրականությանը
«Նյութերն ուսումնասիրվել են, տեղեկությունը չի համապատասխանել իրականությանը, երիտասարդը բաց է թողնվել»,-ոստիկանության մամուլի քարտուղարի տեղակալ Արմեն Մալխասյաննն այսպես հակիրճ պատասխանեց 168.am-ի հարցին, թե ինչ ընթացք ունի կիրակի օրը արձանգրված միջադեպը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին 1/27 ընտրատեղամասում մի երիտասարդ հայտարարել էր, որ իրեն կաշառք են տվել, սակայն քիչ անց նրա մայրն ասել էր, թե տղան կատակում է: Դեպքի վայրից աշխատող 168.am-ի թղթակիցը հայտնել էր, որ երիտասարդին տարել էին Նոր-Նորքի ոստիկանության բաժին: Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր նաև, որ երիտասարդը ոստիկանության կրտսեր սերժանտ Խաչատրյան Լիպարիտն է:
Մենք փորձեցինք ճշտել նաև, թե ինչպես կազդի նման լուրջ իրավիճակում կատակելը ոստիկանության աշխատակցի գործունեության վրա, պարոն Մալխասյանը հակադարձեց, թե ինքը չի ասում, որ երիտասարդը կատակել է: Իսկ հարցին, թե ոստիկանությունը հաստատում է այն փաստը, որը կատակողը ոստիկանության աշխատակից է, Ա.Մալխասյանը կրկնեց` ես արդեն մեկնաբանությունները տվեցի: