«Բիզնեսմեն մտնում է, ասում եք` բիզնեսմեն մտավ, գործարար մտնում է, ասում եք` գործարար մտավ». ՀՀԿ-ական պատգամավոր

«Կսիրեմ Ստեփան Սաֆարյանին, չեմ սիրի, կհարգեմ, թե չեմ հարգի, միևնույն է, Ստեփան Սաֆարյանը գործոն է մեր քաղաքական դաշտում»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը` խոսելով կիրակի օրը ԱԺ թիվ 1  մեծամասնական ընտրատարածքում ընտրությունների մասին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ դեպքում մինչև ընտրությունները ինչո՞ւ ՀԱԿ-ը չէր հայտարարում Ստեփան Սաֆարյանի թեկնածությանը աջակցելու մասին, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Դուք ի՞նչ գիտեք` ի՞նչ է ասել ՀԱԿ-ը: Ես մարդիկ եմ ուղարկել Ստեփան Սաֆարյանի համար, ասել եմ` անհարմար է, այդպիսի տղաները պետք է լինեն Ազգային Ժողովում: ԱԺ ընտրված մարդը, ճանաչո՞ւմ եք` ով է: Էդ տղայի առաջին և վերջին առավելությունն այն է, որ քաղաքապետի աներձագն է: Հո ազգովի կրակը չե՞նք ընկել»:

«Բայց ի՞նչ կապ ունի աներձագը դրա հետ: Մարդ է, ով այսօր մտնում է քաղաքականություն, երիտասարդ է: Բիզնեսմեն մտնում է, ասում եք` բիզնեսմեն մտավ, գործարար մտնում է, ասում եք` գործարար մտավ: Նորմալ երիտասարդ է, մտել է քաղաքականության մեջ, դրա մեջ ես որևիցէ վատ բան չեմ տեսնում»,- հակադարձեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Իսկ Ստեփան Սաֆարյա՞նը»,- հարցրեց լրագրողներից մեկը:

«Ստեփան Սաֆարյանին թող ձայն տան, կարո՞ղ է մենք Ստեփան Սաֆարյանի ձայները գողացել ենք: 3 հազար հոգի է ձայն տվել, ի՞նչ անենք: Թող դրանով բավարարվի»,- պատասխանեց հանրապետական Սուքիաս Ավետիսյանը` առաջացնելով Գուրգեն Եղիազարյանի ծիծաղը:

«Բայց ինչո՞ւ եք ուրախանում»,- հարցրեցին ՀԱԿ անդամին: Վերջինս պատասխանեց. «Բա պիտի ուրախանամ, բա ի՞նչ պետք ա անեմ: Ուրեմն` նենց մի տղայի ա պաշտպանում, որ ոչ մեկդ չեք ճանաչում: Փորձեք, գնացեք երկու բառ խոսեցրեք: Ինձ մի լրագրող է ասել` քանի անգամ փորձել են էդ տղային խոսեցնեն, ոչինչ չի ստացվել»:

«Շատ ճիշտ է արել»,- պատասխանեց Սուքիաս Ավետիսյանը:

«Էս պարագայում` հասկանո՞ւմ եք Ստեփան Սաֆարյանն ո՞ւմ է տարվել»,- ավելացրեց Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած ընտրությունների արդյունքներով Ստեփան Սաֆարյանը ստացավ 3 680 ձայն` զիջելով ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանին, ստացավ 18 805  քվե:

 

Տեսանյութեր

Լրահոս