ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածին կոշտ արձագանք է լինելու սփյուռքից. թրքասեր իշխանություն է. Իշխան Սաղաթելյան
«էդ մադու որևէ խոսքին մենք չենք վստահում և մեր օրակարգով շարունակում ենք պայքարը»,-այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ընդառաջ ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Սաղաթելյանը նշեց, որ իրենց առաջիկա գործողությունները բաժանվելու են 3 փուլի:
«Առաջին փուլը՝ մինչև իր հրաժարականը, այսինքն, եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է տա հրաժարական: Այդ հրաժարականը լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Այսինքն, առաջին փուլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելություններն ավելի լայն թափով, անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվելու են, իր հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք և նաև մազերի մեր ազգաբնակչության հետ աշխատենք:
Երկրորդ փուլում՝ հրաժարականից հետո, այդ 14 օրերի ընթացքում ամեն ինչ պետք է անենք, որ այդ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո: Այսինքն իրականում հրաժարական տալուց հետո հեռացվի, և ինքը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չլինի: Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ նոր գալիս է ընտրական փուլը, այդ ժամանակ արդեն հայտնի կդառնա ընտրություն լինելո՞ւ է, թե՞ չէ: Այդ ժամանակ շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ չմասնկացել, բայց ամենակարևորն այն է, որ այդ ընտրությունները Նիկոլը դիտելու է իր կաշին փրկելու միջոց, մենք պետք է ամեն ինչ անենք դա թույլ չտալու համար»,-ասաց Սաղաթելյանը:
Նա նշեց՝ շատ կարևոր է, որ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են այդ ընտրությանը, դա չդիտարկեն որպես պարզ, սովորական ընտրություն, դիտարկեն հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով: Սաղաթելյանի խոսքով՝ միայն Նիկոլ Փաշինյանի՝ ընտրության մասին հայտարարությունը բավարար չէ, որ համարեն, թե ընտրություն լինելու է, երբ կլինի ընտրություն, այդ ժամանակ ՀՅԴ-ն կորոշի մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ և ի՞նչ ձևաչափով:
Անդրադառնալով երեկ Հանրային հեռուտաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն պնդմանը, թե մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները Թուրքիային որպես թշնամի ընկալելու հետ կապված՝ Սաղաթելյանն ասաց.
«Հայաստանում իշխանության են եկել մի խումբ մարդիկ, ովքեր սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ովքեր պլանավորված, ծրագրավորված հանձնեցին Արցախը, դա ամրագրեցին փաստաթղթով, հիմա անցել են իրենց հանցագործությունների հաջորդ փուլին, ամեն ինչ անում են, որ ուրանան Հայոց ցեղասպանությունը, հրաժարվեն հայոց պահանջատիրությունից, Արցախից, ուրանան Արցախյան 3 պատերազմի ընթացքում մեր 10 հազար զինվորների արյունը և կեղծ խաղաղասիրական խոստումների տակ վերջնականապես բնաջնջեն մեր ժողովրդին:
Այսօր Հայաստանում երկու տեսակի պայքար է՝ էս տեսակի և մեր տեսակի, ովքեր գտնում են, որ պետք է պահենք մեր ժառանգությունը, մեր կրոնը, ազգային արժեքները, մեր բանակը, ստեղծենք ազգային պետություն և զարգանանք առանց զիջելու, այս երկու տեսակի կռիվն է ՀՀ-ում, և մեր տեսակը հաղթելու է: Ով մոռանա Հայոց ցեղասպանությունը, մեր պահանջատիրությունը, Արցախը, ինքը հայ ժողովրդի թշնամին է և վերջ»:
Սաղաթելյանը վստահություն հայտնեց, որ Սփյուռքի պատասխանն էլ ԱԽՔ-ի հայտարարությանը չի ուշանա:
«Շատ կոշտ արձագանք կլինի Սփյուռքից, սա ապտակ էր նաև Սփյուռքի 100 տարվա մղած պայքարին, ապտակ էր այն միջազգային հանրությանը, 2 տասնյակից ավելի պետություններին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հետևաբար հայկական Սփյուռքը, ով վառ է պահել մեր դատի պաշտպանությունն ամբողջ աշխարհում, այս ընթացքում խորը հիասթափության մեջ է և համապատասխան արձագանքով և գնահատականով հանդես կգա»,-ասաց Սաղաթելյանը:
Նա պնդեց, որ իրենց ամեն ինչ անելու են «առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսն իրականություն դարձնելու համար: