Փարիզում գողացել են Դելակրուայի 650 հազար եվրո արժողությամբ նկարը
Փարիզի կենտրոնում գտնվող Schmit պատկերասրահից երեկ գողացվել է Էժան Դելակրուայի «Օրանի արաբները» նկարը։ Այս մասին գրում է Le Parisien թերթը։
Թերթի տվյալներով, նկարի արժեքը 650 հազար եվրո է։ Նկարի որոնմամբ զբաղվում է Փարիզի ոստիկանության՝ բանդիտիզմի դեմ պայքարի բաժինը։ Le Parisien-ը կատարվածը որակել է` որպես «աննկարագրելի հանդգնությամբ» կատարված գողություն։ Դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով, Փարիզի առաջին շրջանում գտնվող Սեն-Օնորե փողոցի վրա։
1837թ. ստեղծված «Օրանի արաբները» ջրաներկով արված փոքրիկ նկար է՝ 19×11 սմ չափերով։ Անհայտ անձը բոլորից աննկատ այն հանել է պատի վրայից և անհետացել։ Նկարի կորուստը նկատել է պատկերասրահի աշխատակիցը։ Ենթադրվում է, որ գողություն կատարողը 50 տարեկանին մոտ տղամարդ է։
Նշենք, որ Schmit-ը մասնավոր պատկերասրահ է, որը ստեղծվել է 1929թ.։ Ներկայացված են 19-20-րդ դարերի ֆրանսիացի և օտարազգի նկարիչների ստեղծագործություններ՝ Դելակրուա, Շագալ, Դեգա, Գոգեն, և այլն։