«Տոտալ քաոս է տիրում մեր բանակում, պարոն նախարար, դուք ինչո՞վ եք զբաղված»․ Գևորգ Գորգիսյանը՝ պաշտպանության նախարարին
«Այս քաոսն ինչքա՞ն է տևելու, պարոն նախարար, դուք ինչո՞վ եք զբաղված, որ բանակում այս իրավիճակն է»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով պաշտպանության նախարարին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
«Տոտալ քաոս է տիրում մեր բանակում, առաջնագիծը պատշաճ կահավորված չէ, զինվորների կեցության պայմանները պատշաճ չեն, զինվորներին «Ա» կետից «Բ» կետ չեք կարողանում տեղափոխել, զինվորները մարտական դիրքերից լայվ են մտնում, զինվորները ձնաբուքին կորում են, հերթափոխ իրականացրած քաղաքացիներին ամիսներով չի տրվում աշխատավարձ, որը պարտավոր ենք տալ»,- ասաց Գորգիսյանը։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չմոտեցավ ԱԺ ամբիոնին և չպատասխանեց պատգամավորի հարցին, փոխարենը՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․
«Պարոն Գորգիսյան, գրավոր, խնդրում եմ, ուղարկեք ձեր հարցը, կառավարությունն առաջարկում է գրավոր դիմել»։
Ի դեպ, այսօր անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին էլ Կառավարությունը չպատասխանեց՝ առաջարկելով գրավոր դիմել: Իսկ պատգամավորի հարցը վերաբերում էր ՄԻՊ-ի գրասենյակի ֆինանսավորումը կրճատելուն, ինչպես նաև Արման Թաթոյանին կառավարության նիստերին չհրավիրելուն: