Զինվորների չօգտագործած արձակուրդայիները վճարելու մասին նախագիծն «Իմ քայլի» քվեարկության արդյունքում օրակարգ չընդգրկվեց
Ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի»՝ զինվորականներին չօգտագործված արձակուրդների դիմաց փոխհատուցում տալու նախագիծը, իմքայլականները դեմ քվեարկեցին։
Նախագծով առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից հիշեցրեց, որ դեռևս 3 տարի առաջ Սահմանադրական դատարանը որոշում էր ընդունել և հակասահմանադրական էր ճանաչել նշված օրենքի այն դրույթը, համաձայն որի՝ զինծառայողներն իրենց ամենամյա արձակուրդայինները եթե կուտակում են՝ իրավունք չունեն 2 տարուց ավելի արձակուրդային վճար ստանալ։
«Սա հակասահմանադրական ճանաչված դրույթ էր, և ՍԴ-ն պարտադրել էր, որ բոլոր չօգտագործված արձակուրդների համար արձակուրդային վճար ստանան։ Կառավարությունը 3 ամիս ժամանակ ուներ, որպեսզի հակասահմանադրական օրենքի մեջ փոփոխություն կատարեր, բայց ինչպես տեսնում եք՝ 3 տարի է անցել, կառավարությունը ոչինչ չի արել։ Մենք նախաձեռնություն բերեցինք և սահմանեցինք, որպեսզի այդ դրույթը փոխվի և այն ընդհանուր կարգավորումը լինի, որ կա մյուս բոլոր հանրային ծառայողների բնագավառում։ Նշեմ, որ բացառություն էր միայն զինվորական ծառայությունը և միա՛յն զինծառայողներին չէր տրամադրվում արձակուրդայինները բոլոր չօգտագործված ամենամյա արձակուրդայինների համար, և այս նախագծի տրամաբանությունը հենց դրանում է, որպեսզի այդ իրավունքից թույլ տանք, որ օգտվեն նաև զինծառայողները՝ որպես հանրային ծառայող։ Բայց գլխադասային հանձնաժողովը մերժեց մեր նախաձեռնությունը, թեև ընդունում էր, որ այս կարգավորումը հակասահմանադրական է և պետք է ամպայմանորեն փոխվի»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առաջարկել են ևս 1 ամսով հետաձգել նախագիծը, սակայն, ինչպես Տարոն Սիմոնյանը նշեց, իրենք հրաժարվել են մի պարզ պատճառով․
«7 ամիս նախագիծը շրջանառության մեջ է եղել, կառավարությունից ոչ մի արձագանք չի եղել, երբ բերվեց, կառավարությունը որոշեց, որ պետք է նորից առաջարկի նորից հետաձգել, բայց սա անհետաձգելի որոշում է, որովհետև առանց այդ էլ հակասահմանադրական դրույթ է սա, և առանց այդ էլ զինվորականները եթե դիմեն դատարան՝ կստանան բոլոր արձակուրդայինների համար վճարները»։
Պատգամավորի համոզմամբ՝ այս քայլով պետական ծախսերն ավելացնում ենք, որովհետև դատական ծախսերն ենք ավելացնում, և հետագայում պետության բյուջեի վրա ավելի մեծ բեռ է ծառանում, որովհետև նաև փաստաբանական և դատական այլ ծախսերն են ավելանում․
«Արդյունքում ստացվում է այնպես, որ մենք այդ գումարը մի բան էլ ավելի տալիս ենք, բայց տալիս ենք մարդկանց ներվերի հաշվին և մարդկանց նկատմամբ անարդարացի վերաբերմունքի հաշվին»։
Կողմ՝ 32, դեմ՝ 51, ձեռնպահ՝ 9։ Զինվորների չօգտագործած արձակուրդայիները վճարելու մասին նախագիծն «Իմ քայլի» քվեարկության արդյունքում օրակարգ չընդգրկվեց։
Մանրամասները՝ տեսանյութում