«Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, իրա հե՞տ, իմքայլականների հե՞տ, բացառվում է, պետք է չլինի». Ռուբեն Հովհաննիսյան

Այսօր ժամը 15:05-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, և արձանագրել են, որ «ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, դա տեղի կունենա հունիսի 20-ին»: Հանդիպումը նախատեսված էր 15:00-ին:

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամ, մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց, որ նման բան չպետք է լինի:

«Ես շոկ եմ ապրում, ամեն առավոտ արթնանում եմ շոկով՝ իմանալով, որ ինքը դեռ չի գնացել, չի փախել, չի ծլկել, իր ամեն վայրկյան իշխանության մնալը շոկ է: Իշխանություն, այսպես թե այնպես, չկա, ընդամենն իր ներկայությունն արդեն մեզ համար ամոթ է, խայտառակություն է, ամեն անգամ մեռնել է, ծառայել ոչ ազգին, անել ամեն ինչ հակաազգային, հակապետական: Ո՞նց է մնում: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, իրա հե՞տ, իմքայլականների հե՞տ, բացառվում է, պետք է չլինի: Շատ զարմանում եմ, որ փորձում են բանակցել, ընտրությունները դարձնել լեգիտիմ, օրինական, և դրան ընթացք տալ: Ինչպե՞ս կանխվի էս գործընթացը: Ես դեմ եմ ընտրություններին իրենց հետ, այո, թող լինեն ընտրություններ, թող գան ազգայնական, առողջ ուժեր, և կան էդ մարդիկ, կգան, կղեկավարեն ազգային ծրագրերով»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամին զարմացնում է այն փաստը, որ դեռ կան մարդիկ, որոնք պաշտպանում են Փաշինյանին, այն  դեպքում, երբ նրա ղեկավարման օրոք «մենք պետականություն ենք կորցնում, հայրենիք ենք կորցրել ու շարունակում ենք կորցնել»:

«Եվ հանկարծ կան հայեր, քրիստոնյաներ, որոնք սատարում են նրան, սատարում են պարտությունը: Հեմինգուեյն ասում էր՝ եթե ուզում եք ինձ սպանել, ինձ թուրք անվանեք, և ես ամոթից կմեռնեմ: Նա հայ չէր, ցեղասպանություն չէր տեսել, ամերիկացի գրող էր, բայց իր գնահատականն էր տվել թուրքին, իսկ մենք, որ դարեր շարունակ մեր թշնամին եղել է թուրքը… ինձ համար լավ թուրքը դա մեռած թուրքն է, փտած թուրքն է, ես զարմանում եմ թրքահաճո, թրքաբարո այս քաղաքականությունից, եթե կա մի հայ, որն ասում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ շահավետ է մեր հետագա առևտրի կազմակերպումը, ինձ համար նա թուրք է, եթե մեկը թուրքին գովաբանում է, ես իրեն որպես հայ չեմ կարող ընդունել, բա մեր ցավն ո՞վ է տանելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Մշակութի գործիչը պնդեց, որ գոնե Նիկոլ Փաշինյանին սատարող դերասաններն ու հումորիստները պետք է իրենց վատ զգան, որ Ալիևը ծաղրում է իրենց ղեկավարին, և գոնե իրենք հակադարձեն նրան, ծաղրեն:

«Թե՞ պետք ա քոմենթ գրեք, որ վերջապես Ալիևի դեմքին տեսա խաղաղություն, այն  Ալիևի, որը կարգադրում էր մորթել բոլորին, գնդակահարել գերիներին, այն էլ այդ հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ այդ օրը բարձրացվել էր մեր 188 գերու խնդիրը, բարձրացվել էր հիմնադրամի 52 մլրդ-ի կորուստը, այդ օրերին այդ խնդիրն արդեն բում էր»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության անդամին հետաքրքրում է, թե ինչո՞ւ մինչև հիմա մեզ չեն ասում զոհերի իրական թիվը:

«Պատերազմը փորձում են մեր մեջ բթացնել, չի լինելու տենց բան, պատերազմը եղել է, և մենք էդ զոհերը տվել ենք, 5000 է, 7000 է, 8000 է: Ինչի՞ մենք մինչև հիմա չգիտենք զոհերի քանակը, ինչի՞ մինչև հիմա չեն տալիս զինգրքույկները, մարդկանց հաշվառման չեն դնում, այսօր ինձ ուղեկցում են նաև այն տղաներից, ովքեր եղել են Արցախում և խնդիր ունեն՝ ուսման վարձերի հետ կապված, ինստիտուտներում ասում են՝ բեր տեղեկանք, զինկոմիսարիատը չի տալիս տեղեկանք՝ որպես պատերազմի մասնակից, ի՞նչ անի, գնա մոր արև երդվի՞, որ ինքը մասնակցել է, ի՞նչ անեն էդ մարդիկ, տեղեկանք տանեն, որ ազատվեն ուսման վարձից, տեղեկանք տանեն վիրավորները, հոգեկան խանգարում ստացածները: Ես իմ բարեկամների մեջ ունեմ մարդիկ, ովքեր մինչև հիմա կարգ չեն կարողանում վերցնել, 4 ամիս է անցել պատերազմից, պատերազմի առաջին օրերից մենք ունենք էդ ահռելի հարձակումից, էդ հրետակոծությունից, էդ բայրաքթարներից հետո, երեխեքը, որ տեսան էդ արհավիրքը, դժոխքը, խելագարվել են տղերքը, ծնողը դեղ է առնում, կարգը չտվեցին, տեղեկանքը չտվեցին, զինգրքույկը չեն տալիս, որ քանակը ջրի երես դուրս չգա՞, արա, դուք ո՞նց եք կարողանում ապրեք ընդհանրապես, ո՞նց կարաք հանդուրժեք էս ամեն ինչը»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա բոլորին կոչ արեց գնալ Եռաբլուր, հպվել հողին ու վերադառնալ ազգային արմատներին: Հովհաննիսյանը նաև պնդեց, որ պետք է ներել իրար ու միավորվել, բայց նաև վստահ է, որ պատմությունը մեզ չի ներելու:

«Նոյեմբերի 9-ից հետո այս իշխանությունը զբաղվում է թափված արյան կրկնակի վաճառքով: Մենք նորից վաճառվում ենք, գերիները մնում են, անհայտները մնում են, Արցախը հանձնվում է, Հայաստանը հանձնվում է, իսկ դա նշանակում է թափված արյան կրկնակի վաճառք: Երկիրս վերածել են կենդանաբանական այգու, շատերը ինչ-որ գազանի դիմակ են հագել, այս վիճակում հայտարարել ընտրություն, սա գազանություն է, իտոգում ով ինչ դիմակ քաշել է դեմքին, զբաղվում են կապիկությամբ, այլ գնահատական ես չունեմ: Սա մեր վերջն է, ես այսպես եմ ահազանգում, եթե մենք խելքի չգանք»,- ասաց Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս