Այսուհետ ես զբաղվելու եմ մի ֆեյքով, որի անունն է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
«Կարող եմ միանշանակ պնդել, որ այս ամբողջը քաղաքական գործընթաց էր, որ այս ամբողջ գործընթացը կազմակերպված, նպատակաուղղված է երկրի իշխանության կողմից, մասնավորապես՝ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի»,- Վերաքննիչ քրեական դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Սաղաթելյանն ասաց, որ իրեն մեղսագրվել է, թե ստեղծել է «Gagik Soghomanyan» ֆեյքը, որի հետ ինքը կապ չունի, և, որ իր կալանքին զուգահեռաբար՝ իրեն վարկաբեկելու գործընթաց է սկսվել։
«Բացի իմ հիմնական զբաղմունքներից՝ ես նաև դասավանդում եմ մանկավարժություն, և մանկավարժությունը՝ ի տարբերություն այլ գիտությունների՝ դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման և վստահության վրա։ Ես պատկերացնում եմ՝ իմ 18-21 տարեկան ուսանող աղջիկները պետական համալսարանի՝ տեսան այդ ապուշ ռելիզը Ազգային անվտանգության, մտան այդ ֆեյքը ու տեսան հահոյախառն տեքստերը, ինչ կատարվեց։ Մանկավարժության մասով՝ վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ և 97 թվից զբաղվելով մանկավարժությամբ, և այլևս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, և զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև անդրադարձավ իր գրասենյակում տեղի ունեցած խուզարկությանը՝ նշելով, որ խուզարկության սանկցիայի վրա նշված է եղել, որ ինքը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն է․
«Այդ լոգիկայի մեջ բոլոր փաստաթղթերն են։ Առգրավեցին՝ ինչ կարող էին առգրավել, եթե շուն ունենայինք՝ շանն էլ կառգրավեին, արգելեցին փաստաբան կանչել։ Գալիս են օֆիս խուզարկելու, որտեղ գտնվում եմ ես, գալիս է 7 հոգի «Ալֆա»-ից, 2 քննիչ, մի օպեր։ Ես պատկերացնում եմ՝ ոնց են նույն ԱԱԾ-ի պարկեշտ սպաները ու նույն «Ալֆա»-ի տղաները զզվում Նիկոլ Փաշինյանից, որովհետև իրենց հարկադրում են, որ երեկոյան ժամը 22։30-23։00-ին ԱԱԾ-ի երրորդ հարկով տանեն ինձ՝ կզած վիճակում՝ ձեռքերը մեջքի հետևը։ Ո՞ւր էի փախնելու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից․ երևի այդ վիդեոն նկարել են, ուղարկել են Նիկոլին, որ նայի՝ հանգստանա, մի հատ էլ հեռախոսը լպստի, հետո քնի…»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք օգտատիրոջ գործով:
Փետրվարի 19-ին՝ ուշ գիշերը ձերբակալված Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանը մեղադրվում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։ Ըստ ԱԱԾ-ի` հենց նրանք են Ֆեյսբուքում ստեղծել «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատությամբ։
Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին:
Արա Սաղաթելյանի պաշտպանների բերած վերաքննիչ բողոքն այսօր բավարարվեց, և Սաղաթելյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Մանրամասները՝ տեսանյութում